«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանի Ազգային ժողովում հայտնված «ընդդիմադիր» ուժերը պատերազմ են հայտարարել հայոց պետականությանը, Հայաստանի ինքնիշխան ու ժողովրդավար հեռանկարին, որովհետև իրենց թշնամին Նիկոլ Փաշինյանը չէ, իրենց թշնամին Հայաստանն է, Հայաստանի անկախությունն է, Հայաստանի ինքնիշխանությունն է, Հայաստանը պետություն դարձնող/պահող ժողովրդավարությունն է։
Չի լինի անկախ Հայաստան կլինեն իրենք, չի լինի անկախ պետականություն կլինեն իրենք, չի լինի ժողովրդավարություն և թափանցիկ ընտրություն, կլինեն իրենք, կլինի նոր Հոկտեմբերի 27, ապրիլի 12 և Մարտի 1:
Մենք երկու պետություն ունենք/ունեինք, բայց որ երկուսի անկախությունն իրար միացնենք, նույնիսկ քառորդ անկախություն չենք ստանա, որովհետև տասնամյակներ շարունակ մտքի, արժեքների, բարոյականության փոխարեն կենդանական բնազդներն են զարգացել այդ երկու անկախությունների տարածքում: Արդյունքը առավել քան տեսանելի է։
Հնարավոր չէ հաշտ լինել այն իրողության հետ, որ մեր երեսնամյա հավաքական, անփույթ, բանդիտական ռազմաքաղաքական ղեկավարության իշխանավարման պատճառով մեր ինքնիշխան երկրի սահմանների որոշ հատվածների անվտանգությունը, մասնակի կամ ամբողջությամբ, ժամանակավորապես ապահովում են այլ երկրի սահմանապահներ։ Ըմբռնումով պետք է մոտենանք, սակայն, որ մեր ճակատագրական բացթողումների պատճառով, առժամանակ, մեր սահմանների երկայնքով այլ երկրի դրոշներ են երևում։ Բազմաթիվ նորանկախ երկրներ անցել են այդ ճանապարհով։ Բայց ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել, որ այդ օտար դրոշները «տեղադրվեն» մեր ուղեղներում, մեր անհատական և հավաքական գիտակցության մեջ։
Անկախություն, ինքնիշխանություն, պետականություն, ազատություն՝ մենք այդպես էլ խորքը չենք ընկալում։ Խոսում ենք կոնյակ-բաստուրմա-քրիստոնեություն, ցեղասպանություն։ Մեկ էլ՝ որ առանց Ռուսաստանի կյանք չկա։ Իսկ առանց Հայաստանի՞։
Անկախ պետականությունն իրավունք է, հետևաբար անկախ ենք այնքան որքան գիտակցում ենք այդ իրավունքը, զինված ենք այդ իրավունքով։
Անկախությունը իմացական և հոգևոր նպատակ է, ոչ թե դատարկ բարբաջանք և պաթոսախեղդ կենացասացություն:
Մենք ամեն օր բողոքում ենք, դժգոհում ենք մեզ ու մեր հայրենիքին պատուհասած մարտահրավերներից ու սպառնալիքներին, բայց չենք պատկերացնում, որ դրանք են ինքնին մեր անկախության վկայությունը։
Անկախության երեսուներորդ տարում, անցյալ տարվա դժոխային արհավիրք-պատերազմից հետո, անկախության ու պետականության համար անմահացած խիզախ հերոսների օրինակները աչքի առաջ մենք ունենք ոչ թե Անկախության, այլ Անկախությունն առավելագույն արդյունավետությամբ իրացնելու կարողության խնդիր:
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։
Հանուն մեր նախնիների ու մեր երազների, մեր հավերժացած նահատակ հերոս եղբայրների ապրես հավերժ։ Թեկուզ վիրավոր, թեկուզ արնածոր, բայց անզուգական, ոչ մեկին չնմանվող, միշտ ինքնատիպ և հպարտ, մնաս անվերջ։









































