«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Ռուսաստանի հետ պատերազմի հավանականության մասին անտրամաբանական է և կտրված իրականությունից»: Այս մասին ուրբաթ օրը ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի առաջնորդի խոսքերն առ այն, թե հնարավոր է համարում Ռուսաստանի հետ լիարժեք պատերազմի հավանականությունը և կարծում է, որ դա «ամենամեծ սխալը» կլինի»:
«Զելենսկու հայտարարությունները գնալով ավելի ու ավելի են կտրվում իրականությունից: Արտահայտությունները, որոնք կապված չեն միասնական տրամաբանությամբ, չեն արտահայտում որևէ կոնցեպտուալ մոտեցում»,- գրել է դիվանագետը Telegram-ի իր ալիքում:
Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլը ափսոսանք է հայտնել Ուկրաինայի ղեկավարի նման հայտարարության համար՝ նշելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հավանականության վերաբերյալ պատճառաբանությունը ապոկալիպտիկ է:




































