Սեպտեմբերի 8-ին Կրեմլի պաշտոնական կայքը տարածեց ՌԴ նախագահ Պուտինի ու Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցի մասին տեղեկություն, որտեղ քննարկման բովանդակության առումով նշված էր երեք թեմա՝ Աֆղանստան, Ուկրաինա, և Արցախ: Իհարկե Արցախի մասին վերջում և համառոտ՝ Շառլ Միշելի խնդրանքով Պուտինը նրան է ներկայացրել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ուղղությամբ աշխատանքի ընթացքը: Գո՞հ է մնացել Շարլ Միշելը այդ աշխատանքի ընթացքից, թե՞ ունեցել է դժգոհություն, պարզ չէ: Պարզ չէ սակայն թերևս ավելի կարևոր մի բան:
Մասնավորապես, արդյո՞ք արցախյան հարցում Ռուսաստանի վրա դրված է, կամ դրվում է մի գործառույթ-առաքելություն, այսպես ասած «սևագործ աշխատանք», որի պատասխանատվությունը ստանձնելու դիմաց, Մոսկվան Արևմուտքից կարող է որոշակի «արտոնություններ» ստանալ այլ հարցերում, մասնավորապես իր «մաշկին» ավելի մոտ ուկրաինական և հիմա միջինասիական խնդիրներում: Իհարկե ռուսական պետական պրոպագանդան այդ ամենը մատուցելու է ոչ իբրև «սևագործ աշխատանք», այլ իբրև ռուսական կամ պուտինյան հմուտ և հեռատես քաղաքականության հաղթանակ ու հաջողություն: Սակայն, այդ պրոպագանդան ռուսական ներքին ականջի համար է, և թերևս այն հասարակությունների, որոնք առ այսօր շարունակում են զգալիորեն ապրել ռուսական աչք-ականջների ազդեցության տակ:
Իրական քաղաքականության ռեժիմում, Ռուսաստանը Կովկասում հայտնվել է ծուղակում, որքան էլ բարձր ծածանի ռազմական դրոշներն Արցախում: Այդ դրոշները նրանց համար են, ովքեր չեն տեսնում այդ շրջանակից անդին: Սրանք թերևս առանցքային հարցեր են, որոնց ուղղությամբ վերլուծական, համակ ուշադրությամբ դիտարկման խնդիրը պետք է լինի Հայաստանի հանրային-պետական առաջնահերթություններից, հաշվի առնելով այն, որ ուժային այլ կենտրոնների հետ «սևագործ աշխատանքի» շուրջ ՌԴ «պայմանագրի» առարկան էապես առնչվում է Հայաստանին, և զգալիորեն մտահոգիչ ասպեկտներով:









































