Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Միթհաթ Սանջարը հայտարարել է, որ կուսակցությունը բաց է 2023թ. նախագահական ընտրություններում ընդդիմության կողմից միասնական թեկնածու առաջադրելու քննարկումների համար:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Սանջարը հայտնել է Fox TV-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով սպասվող ընտրություններին և դրանց մասնակցելու համագործակցության ձևաչափերին:
Նա ընդգծել է, որ թեև քրդամետ կուսակցությունը բաց է ընդդիմության կողմից մեկ ընդհանուր թեկնածու առաջադրելու քննարկումների առաջ, սակայն առայժմ դեռ ժամանակը չէ թեկնածուների անուններ քննարկելու համար: Ըստ քրդամետ կուսակցության համանախագահի՝ նախ և առաջ պետք է քննարկվեն սկզբունքները և ընտրությունների անվտանգության հարցը:
Ուշագրավ է, որ իշխանամետ մամուլը Սանջարի այս խոսքերը որակել է որպես գլխավոր ընդդիմադիրներին ուղղված համագործակցության կոչ: Նշվել է, որ թեև գլխավոր ընդդիմադիր թևը հերքում է քրդամետ կուսակցության հետ համագործակցելու մասին լուրերը, սակայն 2019թ. ՏԻՄ ընտրություններում քեմալական «Ժողովրդահանրապետական» և ազգայնական «Լավ» կուսակցությունների «Ազգ» դաշինքը հաջողության էր հասել ԺԴԿ-ի հետ գաղտնի համագործակցության շնորհիվ: