Իրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա, որի հետևանքով զոհվել է անվտանգության 13 աշխատակից, ևս 6-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան. ԻՊ-ի գրոհայինները հարձակվել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադից մոտ 250 կմ հյուսիս գտնվող Քիրքուք նահանգի ոստիկանական բաժանմունքի վրա:
13 ոստիկան սպանվել է, ևս վեցը՝ վիրավորվել: Ըստ գործակալության աղբյուրի՝ հարձակվողներին հաջողվել է փախչել այն բանից հետո, երբ անվտանգության լրացուցիչ ուժեր են ժամանել տարածք:
Հրատարակությունը նշում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում «Իսլամական պետության» գրոհայիններն ուժեղացրել են հարձակումներն Իրաքի անվտանգության ուժերի վրա՝ նախկինում իրենց վերահսկողության տակ գտնվող նահանգում: Այդ ամենի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել ու զոհվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում ոչնչացրել է ԻՊ-ի երկու զինյալների: Ամերիկյան զինուժը ավիահարված է հասցրել Աֆղանստանում ԻՊ-ի դիրքերին:








































