Սեպտեմբերի 3-ը Հայաստանի քաղաքական օրացույցում հիշատակվում է որպես Եվրասիական միությանն անդամակցության մասին քաղաքական հայտարարության օր, ինչի հանդեպ հանրային ուշադրությունը սակայն այդքան էլ մեծ չէ: Մինչդեռ, այդ հանգամանքը ոչ միայն քաղաքական օրացույցի, այլ ընդհանրապես հայկական պետականության ընթացքի համար նշանակալի օր է, ցավոք սրտի բացասական նշանի իմաստով:
Սեպտեմբերի 3-ը լոկ Հայաստանի մի կարևոր քաղաքական որոշման մասին բարձրաձայնման օր չէ: Ավելին, սեպտեմբերի 3-ը Հայաստանի փոխարեն կայացված որոշման օր է, Հայաստանին պարտադրված քաղաքական որոշման օր, այլ կերպ ասած՝ սեպտեմբերի 3-ը ինչ որ իմաստով մեր «հակաանկախության» օրն է, որը ցավագին խորհրդանշականությամբ բաժին է ընկնում դարձյալ սեպտեմբերին՝ Հայաստանի ու Արցախի անկախության տոնացույցի ամսին: Իսկ ցավագին խորհրդանշականությունն այն է, որ գործնականում Երևանին պարտադրված այդ որոշումով է, որ նաև սկսեց անխուսափելի պատերազմի պարտադրման գործընթացը:
Չորս տարի Եվրաասոցացման համաձայնագրի ուղղությամբ բանակցած, բանակցությունը հաջողությամբ ավարտած Հայաստանը հանկարծ փոխեց ընթացքը և մի առավոտ հայտարարեց Եվրասիական միությանն անդամակցելու մտադրության մասին: Դա գործնականում նշանակում էր, որ Հայաստանը վերցվում էր Եվրասիական օղակի, աքցանի մեջ, որի մի «շուրթը» այսպես ասած «ռուսական աշխարհն» էր, իսկ մյուսը՝ «թյուրքական աշխարհը», որի կենտրոնն ի դեպ նույնպես ԵՏՄ-ում է՝ Ղազախստան, որտեղ կառուցվում է Թուրքեստան քաղաքը, հայտարարված Թյուրքական աշխարհի մշակութային կենտրոն: Ոչ հեռու ապագայում ծրագրվում է Թյուրքալեզու պետությունների գործակցությունը դարձնել միություն, այսինքն բարձրացնել դրա քաղաքական կշիռն ու ստատուսը: Այդպիսով, սեպտեմբերի 3-ին Հայաստանին պարտադրվեց որոշում, որը վերջնականապես և անբեկանելիորեն հաստատեց ռեգիոնում տարիներ շարունակ Ադրբեջանի օգտին փոխված բալանսը, կամ ի վնաս Հայաստանի ու Արցախի խորացված դիսբալանսը:
Հասկանալի է, որ գործընթացը խմորվել է ավելի վաղ, այլ ոչ հանկարծ հասունացել մեկ գիշերում: Խմորվել է այդ թվում նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում այսպես կոչված ոչիշխանական բեվեռի ձևավորումով, որը փակեց Սերժ Սարգսյանի որևէ նահանջի կամ մանևրի ճանապարհ: Այդ առումով, սեպտեմբերի 3-ը անկասկած պահանջում է քաղաքական լրջագույն ուսումնասիրություն, հասկանալու համար, թե ինչ հենման կետեր են գործել Հայաստանին այդ որոշումը պարտադրելու համար, և Հայաստանն այժմ ինչ հենման կետեր կարող է գտնել 7 տարի անց այդ պարտադրված որոշման աղետալի հետևանքի ընթացքը կասեցնելու և «աքցանից» դուրս գալու համար:










































