Հայաստանը խորհրդարան չունի: Խոսքն իհարկե դասական իմաստով խորհրդարանի մասին է, որտեղ կա քաղաքական բովանդակալից բանավեճ, որտեղ օրենսդրական աշխատանքը զուգորդվում է քաղաքական տրամաբանությանը: Հայաստանն այդպիսի խորհրդարան չունի և չի ունեցել, բացառությամբ թերևս գերագույն խորհրդի, որ ձևավորվեց 1990 թվականին, և որոշակկի վերապահումով նաև 1995 թվականին ձևավորված խորհրդարանի, թեև հենց այդ շրջափուլն էլ Հայաստանում դրեց քաղաքականության մահվան սկիզբը: Որովհետև, սպանելով ընտրական մեխանիզմը, սպանում ես քաղաքականությունը: Այստեղ ամեն ինչ թերևս չափից դուրս պարզ է: Հայաստանը 1995-ից, և հատկապես 1996-ի հայտնի իրադարձություններից հետո թերևս չունի խորհրդարան, և թերևս միայն խորհրդարան չունեցող երկրում էր հնարավոր մեկ գիշերում խորհրդարանական մի մեծամասնությունից ստանալ մեկ այլ ուժ ներկայացնող մեծամասնություն: