Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 30-ին հաջորդաբար հյուրընկալել է Չինաստանի և Միացյալ Նահանգների դեսպաններին:
Իհարկե, Հայաստանի պետական գերատեսչությունների, այդ թվում պաշտպանության նախարարության հետ արտերկրի դիվանագիտական առաքելությունների գործակցությունն ու աշխատանքը նրանց առաքելության, ավելի շուտ փոխադարձ աշխատանքային ընթացք է, ընդ որում ոչ միայն Չինաստանի և ԱՄՆ, այլ գործնականում շատերի պարագայում: Սակայն, օգոստոսի 30-ին Չինաստանի ու ԱՄՆ դեսպանների հետ հանդիպումները խորհրդանշական են, այն իմաստով, որ մեծ հաշվով խոսքը ներկայիս աշխարհաքաղաքականության երկու առանցքային խաղացողների, երկու բևեռների մասին է, որոնց միջակայքում են ձևավորվում հիմնական ռեգիոնալ միտումներն ու ծավալվող քաղաքական խաղը, այդ թվում և Կովկասում: Այս առումով կարևոր է հասկանալ, ինչ են ուզում Չինաստանն ու ԱՄՆ, ու ինչի են նրանք պատրաստ Հայաստանի հետ աշխատանքի, գործակցության առումով:
Արդյո՞ք Հայաստանի պարագայում ինչպե՞ս է արտահայտվում նրանց գլոբալ դիմակայությունը, կա՞ այդ դիմակայության հայաստանյան ռեժիմ՝ ընդգծված, կամ թույլ արտահայտված, կամ անուղղակի արտահայտվող, թե՞ Հայաստանի հարցում ԱՄՆ-ը ու Չինաստանը ունեն նպատակներ ու օրակարգեր, որոնք սկզբունքորեն այնքան մասշտաբային չեն, որ զգացնել տան նրանց գլոբալ դիմակայության համատեքստում: Այս հարցերն առաջին հայացքից թվում են տեսական, սակայն Երևանի համար շատ կարևոր է ներկայումս համադրելի իրավիճակ ձևավորել Պեկինի ու Վաշինգտոնի միջև, որպեսզի անուղղակիորեն ընդհանուր համաշխարհային միջավայրային ազդեցության առկայությամբ հանդերձ, որ արտահայտվում է ռեգիոնալ բարդ միջավայրով, Հայաստանը չդառնա նաև ամերիկա-չինական ուղիղ դիմակայության գոտի: Այստեղ իհարկե առանցքային աշխատանքը պետք է լինի հայկական դիվանագիտությունը, սակայն մյուս կողմից՝ հայկական պետական քաղաքականությունն անշուշտ պետք է կարողանա զուգորդել դիվանագիտական և ռազմական բաղադրիչները, ոորովհետև այլ կերպ դժվար և բարդ է պատկերացնել չավարտված պատերազմի, անվտանգային ընթացիկ սպառնալիքների փուլում գտնվող երկրի էֆեկտիվ քաղաքականությունը:
Ի վերջո, անկասկած է, որ, երբ Հայաստանի դեմ գործի է դրվում սահմանային լարվածության շանտաժի մարտավարությունը, Հայաստանի դիվանագիտության ուժը ուղիղ համեմատական է այդ շանտաժին դիմակայելու Հայաստանի ռազմական ուժին: