Հայաստանի նոր խորհրդարանի աշխատանքային առաջին իսկ շաբաթը վկայեց, որ նոր խորհրդարանը բացարձակապես ի վիճակի չէ ապահովել Հայաստանի համար այնպիսի քաղաքական միջավայր, որը թույլ կտա քաղաքական սուր և անգամ կոշտ բանավեճի պայմաններում իսկ ամրացնել Հայաստանի քաղաքական դիմադրունակությունը, առավել ևս բարդ ռեգիոնալ միջավայրում: Սակայն, դրանով հանդերձ, առավել սուր է հարցադրումը, թե ինչպես պետք է փոխվի այդ իրավիճակը Հայաստանում:
Բանն այն է, որ Ազգային Ժողովում արտացոլված է ոչ թե իրականությունից կտրված, իրականության հետ կապ չունեցող ինչ-որ պատկեր, այլ հակառակը՝ խորհրդարանում արտացոլվում է իրավիճակը այնպես, ինչպես կա, հետևաբար խնդիրը ոչ թե խորհրդարանը եղած իրավիճակին համարժեք դարձնելն է, եղած իրավիճակին համարժեք, այն արտացոլող խորհրդարան ունենալն է, այլ պատկերը, իրավիճակը փոխելը: Ինչպես փոխել իրավիճակը, ով պետք է փոխի այն, ինչ մեխանիզմով, ինչ սկզբունքով, ինչ հենքով: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այսօր չկան և դրանք գտնելու համար կարևոր է հանրային ակտիվ և առողջ խմբերի, նորարար խմբերի կոնսոլիդացիան այդ փնտրտուքի շուրջ: Այսինքն, ոչ թե այդ բոլոր խմբերի մտածողության ու պատկերացումների մոնոլիտ ձևավորելը, այլ այդ խմբերին իրենց տարբերություններով և տարակարծություններով հանդերձ փնտրտուքի ընդհանուր դաշտ բերելը:
Հայաստանում ժամանակին եղավ «Այլընտրանքային խորհրդարանի» գաղափարը, տարիներ առաջ, երբ դեռ բյուրեղանում կամ հաստատվում էր ՀՀԿ բացարձակ իշխանությունը: Այդ գաղափարը սակայն չունեցավ արդյունավետ ընթացք: Անշուշտ, պետք չէ վերադառնալ հին գաղափարներին, առավել ևս բացարձակապես նոր իրավիճակում, սակայն անկասկած է, որ Հայաստանում պետք է ձևավորվի այլընտրանքային հարթակ, որտեղ կարող են ներկայացված լինել տարբեր ուժեր և խմբեր, փորձելով գալ այս կամ այն նախաձեռնության կամ գաղափարի շուրջ ընդհանուր հայտարարի և իրագործել այն:
Բնականաբար առաջանում է հարց, թե ինչպես պետք է ձևավորվի այդ հարթակը, որպեսզի այն չվերածվիօ ըստ էության կուսակվական նախագծի, ինչպես եղել է նախորդ համակարգում այդօրինակ նախաձեռնությունների պարագայում: Դա կարևոր է, որպեսզի չստացվի այնպես, երբ ուզում էինք լավ լինի, սակայն ինչպես միշտ ստացվեց կուսակցություն: Կուսակցությունը բացարձակապես վատ բան չէ և ավելին, այն քաղաքական գործունեության անփոխարինելի մեխանիզմ է: Բայց, Հայաստանի առաջ ներկայումս դրված են լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին դաշտում վեր են մեկ կուսակցության հնարավորություններից: Ինչպես արտաքին-անվտանգային ռազմա-քաղաքական խնդիրները հնարավոր չէ լուծել կառավարող որևէ մեկ կուսակցության հնարավորությունների շրջանակով, որքան էլ այն լինի լայն, այդպես էլ Հայաստանի ներքին վերափոխման խնդիրներն են մեկ քաղաքական կուսակցության հնարավորությունների շրջանակից անհամեմատ լայն: Ընդ որում, այստեղ խոսքը չի վերաբերում գաղափարական կոնսոլիդացիային, որովհետև խոսքը քաղաքական պայքարի մասին չէ, այլ հասարակական-քաղաքական վերափոխումների համար անհրաժեշտ միջավայր և նախադրյալներ ստեղծելու:
Հայաստանում պետք է փոխվի միջավայրը, քաղաքական պայքարի տրամաբանությունը, որպեսզի իրատեսորեն ձևավորվի քաղաքականության բովանդակությունն ու ըստ այդմ արդյունքը փոխելու հիմնավոր ակնկալիք: Հակառակ դեպքում, որքան էլ ակնառու լինի, որ խորհրդարրանում արտահայտված պատկերը դույզն իսկ չի համապատասխանում հայկական պետականության խնդիրներին և մարտահրավերներին, միևնույն է, այդ պատկերը ինքն իրեն չի փոխվելու, և չի փոխվելու անգամ հենց վաղը արտահերթ նոր ընտրություն անցկացնելիս: Ընդ որում, միջավայրային փոփոխության ապահովմանը պետք է լայնորեն ներգրավվի նաև հայկական սփյուռքը, հատկապես, երբ դա մի գործընթաց է, որին մասնակցությունը չի կաշկանդվում իրավական կատեգորիաներով, ինչպես քաղաքականությամբ զբաղվելն ու ընտրության մասնակցելը:












































