Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում հյուրընկալվել է «Միասին» երիտասարդական շարժման «Համահայկական երիտասարդական կրթական ֆորում. Միասին 2011»-ի մասնակիցներին:
Ճամբարակաները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց առօրյան, պայմանները:
Վարչապետը պատասխանել է երիտասարդների հարցերին:
Անդրադառնալով մեր երկրի զարգացման երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ հարցին` գործադիրի ղեկավարը նշել է, որ ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որն զբաղվում էր ազգային անվտանգության դոկտրինի մշակմամբ: Ըստ նրա` անհրաժեշտ է որակապես վերանայել նաև մեր երկրի կայուն զարգացման ռազմավարությունը, քանի որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ հարված է հասցրել Հայաստանի տնտեսական ցուցանիշներին:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին անգամ կառավարությունը ձեռնամուխ է եղել մշակելու մեր երկրի տնտեսական քաղաքականության ներքո արդյունաբերական քաղաքականությունը, ըստ ճյուղերի: Այս համատեքստում գործադիրի ղեկավարը մեծապես կարևորել է բազմաթիվ գործոնների շուրջ մեր երկրի հարաբերական առավելությունների գնահատումը, առկա ռիսկերը: Վարչապետը հույս է հայտնել, որ ռազմավարությունը հանրությանը կներկայացվի այս տարի:
Ըստ գործադիրի ղեկավարի` կառավարությունում ներկայում տեղի են ունենում լրջագույն կառուցվածքային փոփոխություններ` կառավարման համակարգում բացահայտված խնդիրների լուծման նպատակով: Անդրադառնալով երիտասարդներին աշխատատեղերով ապահովելու հարցին` կառավարության ղեկավարը նշել է, որ ժամանակակից աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, բարձրորակ մասնագետները միշտ էլ գտնում են իրենց տեղը: Խոսելով բարձրացված հարցի շուրջ պետության դերի մասին` գործադիրի ղեկավարը նշել է, որ պետական ծառայության մեջ աշխատանքի ընդունվելու գործառույթը պետք է լինի բաց, թափանցիկ, հրապարակային:
Նշենք, որ ֆորումն իրենից ներկայացնում է վրանային ճամբար, որն անցկացվում է 3 հոսքով. առաջին հոսքը ճամբարում եղել է օգոստոսի 4-10-ը, երկրորդը կլինի օգոստոսի 12-18-ը, երրորդը` 20-26-ը: Ընդհանուր առմամբ, ֆորումը կտևի 1 ամիս 1500 երիտասարդների մասնակցությամբ: ճամբարի մասնակիցներն ունեն հագեցած և հետաքրքիր օրակարգ. առավոտյան ժամը 8:30-ից մինչև կեսգիշեր նրանց օրը լի է բազում ծրագրերով և միջոցառումներով: Մասնակիցները հնարավորություն են ունենում տեղում զարգացնել իրենց բիզնես գաղափարները և կազմել նորարական նախագծեր:







































