Վերանայելով ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ քննչական մեկուսարանի ռեժիմային աշխատանքների գծով ավագ տեսուչ, ներքին ծառայության մայոր Ա. Դանիելյանի 03.08.2011թ. զեկուցագրի կապակցությամբ հավաքված նյութերը, ինչպես նաև 2008թ. դեկտեմբերի 9-ին կնքված` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին Համաձայնագիր-Հուշագրի 9-րդ հոդվածի դրույթների շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված հաղորդագրության ստուգման արդյունքում պարզվել է հետևյալը.
2011թ. օգոստոսի 03-ին, ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Դավթյանի կողմից թիվ ՍԴ3/0045/01/11 քրեական գործով` ըստ մեղադրանքի Մ. Հազրոյանի ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 34.104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 365-րդ հոդվածի 1-ին կետով Ստեփանակերտի նստավայրում արտագնա դատական նիստում արդարադատություն իրականացնելիս, ամբաստանյալ Մ. Հազրոյանի վերաբերյալ դատավճիռը հրապարակելու ժամանակ որպես պատժաչափ ցմահ ազատազրկում հայտարարելուց հետո, ամբաստանյալ Մ. Հազրոյանը հայհոյանքներ արտահայտելով և կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, սեղանից վերցրել է Ջերմուկ հանքային ջրի պլաստմասե շիշն ու նետել դատավոր Հ. Դավթյանի ուղղությամբ` փորձելով հարձակվել վերջինիս վրա:
Մ. Հազրոյանի հետագա անօրինական գործողությունները և դիմադրությունը կանխելու նպատակով ուղեկցող խումբը` ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ քննչական մեկուսարանի ծառայողները, Ոստիկանության մասին ԼՂՀ օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված կարգով գործադրելով ֆիզիկական ուժ և կիրառելով հատուկ միջոցներ` ձեռնաշղթաներ, մեկուսացրել են ամբաստանյալ Մ. Հազրոյանին:
Հաշվի առնելով, որ նյութերում առկա են ԼՂՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող բավարար տվյալներ, ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 12.08.2011թ. հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քր. օր-ի 347-րդ հոդվածի 3-րդ մասով (Նախնական քննություն վարելու կամ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողությունները):









































