Վրացի քաղաքագետ Տորնիկե Շարաշենիձեն «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ Վրաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալեքսանդր Խետագուրիի հայտարարությունը, թե կառավարության որոշմամբ երկրի ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտների բաժնետոմսեր տեղակայվելու են Լոնդոնի, Նյու Յորքի ու Վարշավայի բորսաներում, վերաբերում է այդ օբյեկտների ընդամենը 10 տոկոս բաժնետոմսերին:
Նկատենք, որ այդ օբյեկտների թվում են նաև Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց միացնող գազատարը: Շարաշենիձեն հաստատեց, որ ադ գազատարը ևս ի նկատի է առնված: Նշենք, որ նախորդ անգամ, երբ էլի խոսակցություններ կային այդ գազատարի վաճառքի վերաբերյալ, վերջինիս նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել ադրբեջանական SOCAR ընկերությունը: Վրացի քաղաքագետը նշեց, որ ինքը վստահ է՝ SOCAR-ն այժմ նման հետաքրքրություն չունի, ինչպես նաև վաճառվում է բաժնետոմսերի որոշ մասը և ոչ թե կենտրոնական փաթեթը, ինչն էլ նշանակում է, որ մտահոգությունները, թե ադրբեջանական կազմակերպությունը գնելու դեպքում կարող է փակել այդ գազատարը, անտեղի են:
Շարաշենիձեի խոսքերով՝ Վրաստանը շահագրգռված է, որպեսզի լավ հարաբերություններ ունենա հարևանների` Հայաստանի և Ադրբեջանի հետ, և հաստատ թույլ չի տա, որպեսզի փակվի Հայաստան հասնող գազի ճանապարհը:








































