Օգոստոսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում 25-ամյա Արտաշես Ազարյանը Նազարբեկյան թաղամասից Հարավարևմտյան թաղամաս տանող նորակառույց ճանապարհի՝ Շահումյան 16 փողոցի թիվ 162/1 հասցեի մոտ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով բախվել է 44-ամյա Բաբկեն Բաբայանի վարած Caterpiller մակնիշի էքսկավատորին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այնուհետև Opel-ը հարվածել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Ազարյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Opel-ը և փակել գազաբալոնի փականը։ Մեքենան վերածվել է մետաղի ջարդոնի։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։









































