Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Հայաստանի և հայության առաջ ծանրացած երկու խնդիր առանձնացրեց: Ըստ նրա՝ առաջինը վերաբերում է Արցախի անկախության ճանաչումը միջազգայնորեն գոյություն ունեցող սահմաններում, երկրորդը` գոյություն ունեցող 20-ամյա սոցիալ-տնտեսական ճգնաժամին:
Շիրխանյանի խոսքերով՝ առաջին տարբերակում յուրայինների և արտաքին ուժերի կողմից մեր վզին փորձում են փաթաթել մի բանաձև, որը ենթադրում է կարգավիճակ տարածքի դիմաց: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Շիրխանյանը առաջարկում է տարածքի համարժեք փոխանակում։
Մեջբերելով Ադրբեջանին այն մեղադրանքը, թե իրենց տարածքների 20 տոկոսը մեր ձեռքում, որը կազմում է 17200 քառակուսի կմ՝ Շիրխանյանը առաջարկում է հրաժարվել 5200 ք/կմ-ից՝ մեզ պահելով 12 հազարը, և փոխարենը ստանալ Նախիջևանը: Նա կարծում է որ այս տարբերակը տարածաշրջանին կբերի խաղաղություն, նաև կկասեցնի Թուրքիայի նկրտումները դեպի Կենտրոնական Ասիա, և դա է, որ կնպաստի Հայաստանի զարգացմանը: Նա համաձայնեց, որ իր առաջարկը ֆանտաստիկ է, սակայն նկատեց, որ նաև ձգտելի է:
Ինչ վերաբերում է երկրորդ խնդրին՝ Վահան Շիրխանյանը նշեց, որ ճգնաժամը Հայաստանում հաստատվեց երկրաշարժից հետո, այնուհետև եղավ Խորհրդային միության փլուզումը, և պատերազմն էլ իր հերթին ավելի խորացրեց ճգնաժամը, որը մինչ օրս գոյություն ունի։ Ավելին, այս տարի Հայաստանի բնակչությունը կրկնակի նվազել է և շարունակում է նվազել: Ճգնաժամից դուրս գալու համար Շիրխանյանը առաջարկեց հրաժարվել լիբերալիզմից և անցում կատարել սոցիալ-դեմոկրատական համակարգին:
ՀԱԿ – Կոալիցիա երկխոսության առնչությամբ՝ Վ. Շիրխանյանը համոզված է, որ նրանց չի հաջողվի երկիրը ճգնաժամից դուրս հանել, որովհետև երկու կողմերն էլ լիբերալ գաղափարախոսություն են առաջ տանում, իսկ արտահերթ ընտրությունների հավանականություն չի տեսնում, քանի որ համոզված է, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար քաղաքական ճգնաժամ չկա, չկա պայքար ծրագրային և գաղափարական հիմքերի վրա, և չկա հրաժարականի պահանջ:









































