«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է Ազգային անվտանգության ծառայությանը «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Գեորգի Վանյանի դեմ քրեական գործ հարուցելու և նախաքննություն սկսելու խնդրանքով»:
«Տականքներ, որոնք հանուն փողի պատրաստ են ծախել սեփական մորը, ամեն տեղ էլ կան, բայց Վանյանն արդեն անցել է թույլատրվածի բոլոր սահմանները»:
«Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Վանյանը կապ ունի ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ»:
Չակերտներում ներառված այս մեջբերումները բոլորովին էլ քաղված չեն հատուկ ծառայությունների արխիվներում պահպանվող ԽՍՀՄ ժամանակարջանի մատնագրերից: Սրանք մեր օրերում գործող հասարակական նախաձեռնության հայտարարության տողերն են, որի անդամները երիտասարդներ են: Թվում էր անցած դարի 90-ականների սկիզբը մեկընդմիշտ բաժանեց մեզ մեր խորհրդային արատավոր բարքրից, երբ կարելի էր, գաղափարականության քողի տակ թաքնվելով, հրապարակավ կամ թաքուն, մարդուն մեղադրել հնարավոր բոլոր մահացու մեղքերի մեջ եւ կոչ անել համապատասխան ծառայություններին հետապնդում սկսել նրա նկատմամբ:
Վանյանի հետ կարելի է չհամաձայնել, նրա գործունեությունը կարելի է քննադարել, բայց անթույլատրելի է կոչ անել նրա նկատմամաբ քրեական գործ հարուցել կամ մերկապարանոց հայտարարել, թե նա կապված է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ: Վանյանն իր տեսակետները հայտնել ու հայտնում է հրապարակավ, մամուլի միջոցներով եւ անհամաձայնները կրող են նրա դեմ պայքարել նուն հրապարակայնությամբ, այլ ոչ հատուկ ծառայությունների օգնությամբ: Մեր ժամանակների մեծագույն ձեռքբերումներից մեկը, որ ամեն վարյկան պաշտպանելու ու վերահաստատելու կարիք ունի, սեփական կարծիքն անկաշկանդ արտահայտելու իրավունքն է:
Այստեղ արդեն խոսքը ոչ այնքան Վանյանին է վերաբերում, որքան խորհրդային անցյալին յուրահատուկ մատնագրերով պայքարելու արատավոր սովորույթի մեր իրականություն ներմուծելու անթույլատրելի ու վտանգավոր փորձին: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն անդամները պետք է իմանան, որ մեր երկրի հաջողության գրավականը հանդուրժողականությունն է, այլ ոչ ընդդիմախոսին կամ անհաճո գործիչին հատուկ ծառայությունների օգնությամբ լռեցնելը: Հարկավոր է հրաժարվել հասարակական նախաձեռնությանը պատիվ չբերող գործունեության այս արատավոր ձեւից:
Վարդան Հարությունյան իրավապաշտպան
Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ նախագահ









































