Աֆղանստանի կառավարությունը մեկ ամսով պարետային ժամ է հայտարարել գրեթե ամբողջ երկրում՝ փորձելով թույլ չտալ, որ «Թալիբան» շարժումը գրավի քաղաքները, հաղորդում է BBC-ն: «Թալիբանի» և Աֆղանստանի զինուժի միջև բախումներն ինտենսիվացել են վերջին երկու ամիսներին, երբ միջազգային ուժերը սկսեցին դուրս գալ երկրից: «Թալիբանը» գրավել է սահմանային մի շարք հատվածներ և գյուղական տարածքներ:
BBC-ն նաև հրապարակել է ՄԱԿ-ի զեկույցը, համաձայն որի՝ 2021 թվականի ընթացքում Աֆղանստանում ավելի քան 1600 քաղաքացիական մարդ է սպանվել: Անցյալ տարվա համեմատությամբ՝ այդ թիվն աճել է 47 տոկոսով: 3500-ից ավելի քաղաքացիական անձ վիրավորվել է:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել էր շարունակել աջակցությունը Աֆղանստանի անվտանգության ուժերին: Այդ նպատակի համար 2022 թվականի ֆինանսական տարում Բայդենը Կոնգրեսից 3.3 մլրդ դոլար է խնդրել: