Օգոստոսի 11-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Եվրասիական երկրների հարցերով բյուրոյի գլխավոր տնօրեն Ջոն Քըրի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարության նույն բյուրոյի Հաստատությունների, քաղաքականության և գործառույթների վարչության պետ Լի Սարտին:
Կողմերը վերահաստատեցին երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերն ու համագործակցության համար առկա բարենպաստ հիմքերը, կարևորեցին երկկողմ համագործակցության խթանման և բազմազանեցման անհրաժեշտությունը, մասնավորապես` առևտրա-տնտեսական հարաբերությունների և մշակութային կապերի զարգացումը:
Այս համատեքստում, ՀՀ դեսպանն ընդգծեց առաջիկայում Կանադայի արտաքին գործերի նախարարի` Հայաստան այցելության կազմակերպման նպատակահարմարությունը:
ՀՀ դեսպանը կանադացի պաշտոնյաներին երախտագիտություն հայտնեց Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ կանադական կառավարության որդեգրած հաստատակամ վերաբերմունքի համար: