Միացյալ Թագավորության Համայնքների պալատը քննարկելու է համացանցում տեղադրված և 100,000-ից ավելի ստորագրություն հավաքած հանրագրում (պետիցիա) արտահայտված առաջարկները, մասնավորապես` անկարգությունների մասնակիցներին սոցիալական նպաստներից զրկելու մասին:
Կառավարական կայքը, որի միջոցով հրապարակվել էր այդ հանրագիրը, երկար ժամանակ անհասանելի էր այցելուների մեծ քանակի պատճառով: Նախկինում որևէ հանրագիր այդպիսի ժողովրդականություն չի վայելել: Պատվավոր երկրորդ տեղում գտնվում է բենզինի գինը իջեցնել պահանջող հանրագիրը` իր 24,000 ստորագրությամբ: Խորհրդարանում իր ճառի ժամանակ վարչապետ Դեվիդ Քեմերոնը առաջարկել էր թույլատրել տեղական խորհուրդներին մունիցիպալ տներից դուրս հանել անկարգությունների մասնակիցներին:
Նշենք, որ Բրիտանիայում անվճար կամ ցածր գներով հանրային բնակարաններ տրամադրելը համարվում է սոցիալական նպաստ:










































