Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաների ու նրանց զավակների հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ։ Տեղեկությունը հայտնում է «Արցախպրես» պետական լրատվական գործակալությունը։
«Պաշտոնյաները պետք է ազատվեն պաշտոններից։ Միայն Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում է, որ կատարել են պարտավորությունները»,– ասել է նա` հավելելով, որ հանձնարարել ԱԱԾ-ին հետևել ու ճշտել, թե ինչով են զբաղված դպրոցի ու մանկապարտեզների տնօրենները, բուժհիմնարկների գլխավոր բժիշկները, նրանց ընտանիքների անդամները, որտեղ են եղել պատերազմի ընթացքում, ինչքանով է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը։