ՀՀ սնանկության դատարանը՝ դատավոր Բագրատ Մկրտչյանի նախագահությամբ, որոշում է կայացրել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի և վերջինիս գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։
Նշենք, որ ՀՀ բանկերից մեկը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել Առաքել Մովսիսյանին. Նրա պարտքը բանկին անցնում է 5 միլիոնի շեմը։ Ընդ որում՝ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանը ծանուցումներ է ուղարկել Առաքել Մովսիսյանի՝ դիմումում նշված պարտապանի բնակության և հաշվառման վայրի հասցեով, ծանուցմանը դատարանը կցել է դիմումը և պարտապանին տրամադրել 15-օրյա ժամկետ՝ իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան՝ առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով՝ «Չպահանջված»։
««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ, ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:
Հետևաբար` նկատի ունենալով, որ ֆիզիկական անձ պարտապանը բացակայում է իր բնակության (գտնվելու) վայրից և վերջինիս բնակության վայրը չի բացահայտվել, դատարանը գտնում է, որ Առաքել Աբրահամի Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում»,- նշված է դատարանի որոշման մեջ։








































