Նախօրեին Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են դպրոցական ախալքալաքցի երիտասարդների վրա, ինչի հետևանքով երիտասարդներից մեկը դանակահարվել է։ Այս դեպքի առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանի հետ, ով նշեց, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին, Աջարիայի շրջանում. «Մի խումբ չափահաս ադրբեջանցիներ, մոտ 30-35 տարեկան, մոտեցել են ախալքալաքցի երիտասարդներին, որոնք 10-րդ դասարանի աշակերտներ են, և ռուսերենով ծաղրելով, «Ղարաբաղը ձերն է, թե մերն է» կարգի արտահայտություններով ու սպառնալիքներով դիմել են նրանց: Երիտասարդներից մեկը կարողացել է ոստիկանին հրավիրել, որ կարգավորի իրավիճակը, և այդ ընթացքում դանակահարել են թե այդ տղային, թե ոստիկանին: Մեր երիտասարդը որովայնի շրջանում բավականին ծանր վիրավորում է ստացել: Բժիշկները կարողացել են նրա կյանքը փրկել, առողջական վիճակը հիմա բավականին կայուն է: Չենք կարող ասել այդ ադրբեջանցիները Վրաստանի քաղաքացի են եղել, թե Ադրբեջանի»,-ասաց նա:
Հարցին, թե իրավապահներն ինչ քայլեր են ձեռնարկում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ, Էդուարդ Այվազյանը պատասխանեց. «Մենք երեկվանից փորձում ենք կապ հաստատել Վրաստանի ՆԳ նախարարության հետ, մեզ ասում են՝ կճշտենք, կտեղեկացնենք, բայց մինչև այս պահի չեն տեղեկացրել, երբեմն նաև զանգերին չեն պատասխանում: Ինչպես վկայում են Գոման գյուղի բնակիչները, հարձակվողներից մեկը ձերբակալված է: Հավանաբար դանակահարողն է»:
Նա նկատեց, որ նախկինում այսպիսի միջադեպեր չեն գրանցվել, առաջին միջադեպը գրանցվել էր անցած տարի ամռանը, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջսահմանային լարվածություն տեղի ունեցավ Տավուշի մարզի ուղղությամբ: «Դրանից հետո ադրբեջանցիները ցույցեր կազմակերպեցին, դրա շրջանակներում մի հայի էին ծեծի ենթարկել: ԱՅն ժամանակ էլ Վրաստանի ՆԳՆ-ն չէր արձագանքում որևէ կերպ: Չենք էլ կարող ասել՝ պատժում են իրականում, թե ոչ: Դրանից հետո այս տարվա հունվարին ադրբեջանական բնակավայրերում քարեր էին նետել հայկական մեքենաների վրա: Այդ ժամանակ ՆԳՆ-ն ուշացումով արձագանքեց: Ասացին, որ քրգործ են հարուցել: Մենք չգիտենք, թե դա ինչ արդյունք ունեցավ: Հնարավոր է հանցագործները պատժվում են, բայց հասարակությունը դրա մասին ոչինչ չի իմանում, ինչը շատ սխալ է: Քանի որ եթե հասարակությունը չի իմանում, դա ծնում է անպատժելիության զգացում, և նման դեպքերը կրկնվում են»,-ընդգծեց Էդուարդ Այվազյանը:
Նշենք, որ դանակահարվածը Ախալքալաքի Գոման գյուղի գնակիչ, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանն է, որը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, նրան վիրահատել են:








































