«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր–Ստեփանյանը:

Թեև կորոնավիրուսի թվերը զգալիորեն նվազել են, սակայն մասնագետներն աշնանը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի աճ են կանխատեսում։ Անգամ պատվաստումները չեն կարո՞ղ նպաստել կոլեկտիվ իմունիտետի ձևավորմանը։
Այսօր պատկերն այն է, որ շատ ցածր պատվաստումային ընդգրկվածությունը ունենք: Իհարկե, պատվաստումների առումով պատկերը կարող էր ավելի լավ լինել, մեր ժողովուրդը շատ դժվար է գնում պատվաստման: Երկրորդ, ունենք ավելի ագրեսիվ հնդկական Դելտա շտամը, որը շատ ավելի ինտենսիվ տարածվելու և ավելի ծանր կլինիկական ընթացք տալու հատկություն ունի: Որոշ չափով Դելտա շտամին հաջողվում է շրջանցել պատվաստանյութերը: Այս առումով ակնկալվում է կրկնակի հիվանդացության բարձրացում, այսինքն դա մեզ մոտ կլինի համավարակի սկզբից 4-րդ ալիքը: Դրա հավանականությունը բավականին մեծ է: Ես կարծում եմ, որ ոչ թե աշնանը, այլ ավելի շուտ դա կլինի: Իհարկե, ուսումնական գործընթացի ակտիվացման հետ կապված ավելի ինտենսիվ կտարածվի, բայց կարող է նաև հիվանդացության բարձրացում դիտվի նաև ավելի շուտ՝ հաշվի առնելով Ռուսաստանում արդեն տիրող համաճարակային իրավիճակը և սերտ կապը այդ երկրի հետ:
Պուտինն աշխատանքային միգրանտներին անպայման պատվաստելու մասին է խոսել: Դա կարո՞ղ է մեղմացնել խնդիրը:
Կարող է, որովհետև դա կմեղմի առողջապահական բեռը, համենայնդեպս հոսպիտալացումներ և ծանր դեպքեր չենք ունենա: Բայց մենք իսպառ մոռացել ենք հակահամաճարակային կանոնների և դիմակների մասին: Սա միանշանակ արձագանք ունենալու է հիվանդացության մակարդակի բարձրացման տեսքով:
Այսօր արդեն 70 հազար պատվաստված քաղաքացի ունենք: Սա ցույց է տալիս, որ քաղաքացիներն ակտիվորեն չեն ձգտում պատվաստվե՞լ:
Ես կարծում եմ՝ պատվաստանյութերի նկատմամբ այդ երկմտանքը, տարակուսանքը մեզ մոտ հնարավոր չի լինում հաղթահարել վերջնական և մարդիկ շատ դժվար են գնում պատվաստումների: Այն, որ հուլիսի 1-ից փակ տարածքներում պատվաստվածները կարող էին առանց դիմակի լինել և դա խթան չհանդիսացավ պատվաստման համար, արդեն իսկ մեր բնակչությունը մոռացել է դիմակների մասին: Բայց համավարակը շարունակում է մոլեգնել, և ես կարծում եմ, որ պետք է խստացնել հակահամաճարակային կանոնները, որպեսզի չվերադառնանք այն պատկերին, որն ունեինք մարտին-ապրիլ ամիսներին:
Հակահամաճարակային կանոններից ո՞րն է, որ ամենաշատն է հիմա խախտվում: Հիմա շատ շոգ է, որքանո՞վ է նպատակահարմար դիմակ կրելը:
Ես կարծում եմ՝ փակ տարածքներում դիմակ կրելը նպատակահարմար է: Ես նոր եմ վերադարձլ Ուկրինայից և ասեմ, որ այնպիսի կարգուկանոն էր, որ անգամ կարիք չկար հիշեցնելու: Մարդիկ հենց մտնում էին տրանսպորտ, մտնում էին փակ տարածք, արդեն գիտեին, որ պետք է դիմակ կրեն: Բաց տարածքներում որևէ մեկը չէր կրում: Սա բավականին լավ միտում է, որը պետք է որ դառնա մշակույթ համենայդեպս, այս ընթացքում, քանի դեռ ապրում ենք համավարակի փուլում: Պետք է նաև խթանել պատվաստումները: Քանի դեռ ունենք լուսավոր շրջան, ինչքան հնարավոր է, պետք է ակտիվացնել պատվաստումները:
Իսկ պատվաստանյութերից որն է ամենաշատը սպառվում Հայաստանում: Կա՞ այդպիսի վիճակագրություն:
Վիճակագրության առումով ասեմ, որ մեր ժողովուրդը հակված է պատվաստվել ռուսական «Սպուտնիկ V»-ով, բայց ավելի շատ ունեցել ենք AstraZeneca-ով պատվաստվելու դեպքեր, քանի որ ավելի հասանելի պատվաստանյութ է, նաև չինականով: Նախարարությունը ավելի ճիշտ կասի, թե որն է ավելի շատ կիրառվել: Ստացված դեղաչափերով այս երկու պատվաստանյութերը գերազանցում են ռուսականին:
Աշնանը, երբ նոր ալիք բարձրանա, կրկնավարկների թիվը ևս ավտոմատ մեծանալո՞ւ է: Արդյոք կրկնավարկի դեպքում քաղաքացիներն ավելի ծանր են տանում հիվանդությունը, թե՞ ավելի հեշտ:
Դա շատ հարաբերական է: Լինում են դեպքեր, երբ երկրորդը տանում են ավելի ծանր և լինում են դեպքեր, երբ անգամ անախտանիշ են տանում երկրորդը: Համենայնդեպս հավանականություն կա, և ավելի առաջնային է պատվաստվել դեռ չհիվանդացածներին, հետո նոր հիվանդացածներին՝ ամրապնդելու իրենց ունեցած իմունիտետը:
Ստացվում է, որ կովիդը մեր իրականությունի չի հեռանալո՞ւ:
Կարծում եմ՝ առաջիկա 1-2 տարին մենք դեռ կապրենք այս վարակի հետ, մինչև ադապտացվենք իրեն, վիրուսը միգուցե ավելի թուլանա, ունենաք որոշակի կոլեկտիվ իմունիտետ: Համենայնդեպս այս պահին դեռևս խնդիրն ակտուալ է, և մենք պետք է զգոն լինենք:











































