Грузия Online-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում տեղի է ունենալու «Արևելյան գործընկերություն» նախագծի գագաթնաժողովը։ Վերջինս պետք է ծրագրերի ֆինանսավորման մեծացման ու կոնկրետացման շնորհիվ զգալիորեն թարմացնի նախագիծը։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Պավել Կովալը։
Նա հույս է հայտնել, որ գագաթնաժողովում նոր առաջարկներ կարվեն նրա մասնակիցների (Հայաստան, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ադրբեջան) համար, և հավելել է, որ այդ առաջարկները վերաբերելու են նախագծի ֆինանսավորման զգալի մեծացմանը կամ կոնկրետ ծրագրերում միջոցների կենտրոնացմանը։
Կովալի կարծիքով՝ «Արևելյան գործընկերության» շրջանակներում կարևոր հարցերի թվում պետք է ընդգրկվի նաև նախագծի մասնակից երկրների ու ԵՄ-ի միջև անցագրային ռեժիմի մեղմացման հարցը։
Հիշեցնենք, որ ԵՄ-ի կողմից ստեղծված «Արևելյան գործընկերություն» նախագիծը միտված է նրան, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինան էլ ավելի մերձենան ԵՄ-ին:
Թեև այն չի ենթադրում անդամակցություն ԵՄ-ին, այնուամենայնիվ, նախատեսում է քաղաքական ու տնտեսական մերձեցում: Այս ծրագրի մեկնարկը տրվել է 2009 թվականի մայիսի 7-ին Պրագայում կայացած ԵՄ-ի գագաթնաժողովում:









































