Եվրոպական ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի ավարտել են աճուրդները զգալի իջեցումով:
Stoxx Europe 600 շրջանի խոշորագույն ձեռնարկությունների ամփոփ ինդեքսը աճուրդի արդյունքում ընկել է 3.8% – միչև 223.5 կետ: Ամսվա սկզբից Stoxx 600-ը արդեն ընկել է 16%-ով, արդյունքում՝ այսօր բաժնետոմսերի արժեքը ընկերության ենթադրվող շահույթի նկատմամբ կազմում է 10.9-ը մեկին. սա 2008 թվականի նվազագույնն է:
S&P 500-ի համար համեմատելի գործակիցը կազմում է 12.8-ը մեկի: Սա 2009 թվականի մարտից նվազագույնն է:
Արևմտյան Եվրոպայի 18 հիմնական ֆոնդային ինդեքսներից 17-ը չորեքշաբթիի դրությամբ իջել են: Բացառություն է կազմել միայն Իսլանդիայի ֆոնդային ցուցիչը: Բրիտանական FTSE 100-ը իջել է 3.1%-ով, իսկ գերմանական DAX-ը` 5.1%-ով:
Ֆրանսիական CAC 40 ինդեքսը աճուրդի ավարտին ընկել է 5.5%. սա դարձել է 2008 թվականի դեկտեմբերից ամենազգալի անկումը:
Բանկային հատվածի բաժնետոմսերի արժեքը իջել է 6.7%-ով: Սա վատագույն արդյունքն է Stoxx 600-ի 19 արդյունաբերական ենթաինդեքսների մեջ: Ներդրողների մտավախությունները, որ եվրոշրջանի պարտքային ճգնաժամը կարող է անդրադառնալ Ֆրանսիայի վրա, երևում են նաև այստեղ:
Մտավախությունները Ֆրանսիայի վարկանիշի համար, որը գտնվում է «AAA» բարձրագույն մակարդակի վրա՝ բոլոր երեք միջազգային հիմնական վարկանշային գործակալությունների վարկածով, ավելի են սրվել անցած շաբաթ Standard & Poor’s գործակալության կողմից ԱՄՆ վարկանիշի իջեցումից հետո:







































