Նախօրեին ձերբակալված Հայ ազգային կոնգրեսի յոթ ակտիվիստները շարունակում են մնալ ձերբակալվածների նախնական պահման վայրում:
ՀԱԿ ակտիվիստ Սահակ Մուրադյանի մայրը` տիկին Հասմիկ Մուրադյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում պատմեց, որ երեկ իրենց հնարավորություն է տրվել տեսակցել տղաների հետ, իսկ այսօր արդեն տեսակցությունն արգելված է և նրանք միայն կարող են հագուստ և սնունդ փոխանցել:
Տիկին Հասմիկը տեղեկացրեց, որ տղաները տարբեր տեսակի վնասվածքներ ունեն, սակայն բուժօգնություն նրանց չի տրամադրվում: Նա նշեց, որ Սահակը հոնքի մասում վնասվածք ունի և ցնցում է ստացել, ինչի արդյունքում նրա ճնշումը բարձրացել է. «Քաղմասում Սահակին բուժօգնություն ցույց տվել են, սակայն հետո որևէ հետազոտություն չի եղել: Սահակը սրտի հետ խնդիր ունի և ցնցում ստանալուց հետո նրա ճնշումը անընդհատ բարձրանում է»:
Տիկին Հասմիկը նաև նշեց, որ ձերբակալվածների նախնական պահման վայրի մուտքի մոտ գտնվելու ժամանակ իրենք լսում էին, թե ինչպես են տղաները բժիշկ պահանջում, սակայն ոստիկանները բժիշկ չէին կանչում. «Քիրամիջյան Դավիթի մատն էր վնասված, կարել էին, սակայն վիրակապը չէին փոխել և նա անընդհատ բժիկ էր պահանջում»:
Տիկին Հասմիկի խոսքերով քաղմասում գտնվելու ժամանակ իրենք տեսել են, թե ինչպես է ներս մտնում շտապօգնության մեքենան, սակայն հետագայում տղաներից տեղեկացել են, որ իրենց բժշկական օգնություն չի ցուցաբերվել և դա արվել է միայն ծնողներին ցուցադրելու համար:
Տիկին Հասմիկը նշեց, որ եթե այսօրվա ընթացքում տղաներն ազատ չարձակվեն իրենք Կոնգրեսի հետ խորհրդակցելուց հետո ակցիաներ կկազմակերպեն:







































