ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով, ՀԱԿ – իշխանություն երկխոսության չորս ռաունդները զննողական էին, և իրենք փորձում էին հասկանալ՝ արդյո՞ք իշխանությունների նպատակները իրոք ազնիվ են, և արդյո՞ք նրանք ուզում են երկրում բարեփոխումներ իրականացնել:
«Կարծես թե այդ բանակցությունների ընթացքի պատասխանը երեկ տվեց իշխանությունը` ձերբակալելով, ծեծի և բռնության ենթարկելով յոթ պայծառ երիտասարդների միայն այն պատճառով, որ նրանք գիտեն իրենց իրավունքները և փորձում են պաշտպանել: Դա պատասխանն էր այս չորս ռաունդի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով ՀԱԿ – իշխանություն բանակցությունների ընթացքը՝ կարծիք հայտնեց Լյուդմիլա Սարգսյանը:
Նա նշեց, որ այսքանից հետո ինքը մեծ ակնկալիքներ չունի բանակցություններից, բայց կարծում է, որ ՀԱԿ-ը սկսել է կարևոր գործընթաց և չի նահանջելու. «Պիտի փորձենք ամեն դեպքում խաղաղ ճանապարհով իշխանությանը հասկացնել, որ այլևս այսպես անհնար է, և եթե չեն ուզում գիտակցաբար հասկանալ, որ բարեփոխմանը մասնակից դառնալով՝ իրենք կփրկեն սեփական մաշկը, ապա շատ բարի…»:
Լ. Սարգսյանը նաև նկատեց, որ Փափազյան փողոցում կրպակների ապամոնտաժման առումով բարձրացրած աղմուկը ցույց է տալիս, որ ժողովուրդն այլևս չի կարող ապրել նման պայմաններում, և իշխանությունը պետք է շնորհակալ լինի ՀԱԿ-ից, որ առ այսօր կարողացել է զսպել ժողովրդի պոռթկումները. «Այլևս կարող են դրա վրա հույս չդնել, և գիտակցելով իրենց վիճակը՝ պիտի գնան արտահերթ ընտրությունների»:









































