Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երեկ տեղի ունեցած Մեդվեդև-Ալիև հանդիպման ժամանակ, բացի ղարաբաղյան հիմնահարցից, քննարկվել են նաև այլ երկուստեք հետաքրքրող հարցեր, որի պատճառով չի կարելի ասել, որ այդ հանդիպումը բեկումնային իրադարձություն է:
Հովհաննիսյանի կարծիքով՝ այս հանդիպումը սպասված էր՝ հաշվի առնելով կազանյան հանդիպման ձախողումը: Քաղաքագետը նկատեց, որ այս հանդիպումը նաև կապված էր Մեդվեդևի՝ 2008թ. օգոստոսյան պատերազմի երրորդ տարելիցի ժամանակ արած այն հայտարարարության հետ, որում նա նշել էր, թե օգոստոսյան դեպքերը պետք է մեծ դաս լինեն Ադրբեջանի և Հայաստանի համար:
«Մեդվեդևը շատ կարևոր մի դրույթ առաջ քաշեց, թե ավելի լավ է անվերջ բանակցել, քան հայտնվել այդ հնգօրյա պատերազմական գործողությունների թիրախի կարգավիճակում»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ այն, որ այդ հայտարարությունից հետո Ալիևը խելոք գնաց և հանդիպեց Մեդվեդևի հետ ու հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնեց վերջինիս՝ ԼՂ հարցի կարգավորման գործում ցուցաբերած ջանքերի համար, նշանակում է, որ Ալիևը ստիպված է հաշտվել Մեդվեդևի առաջ քաշած թեզը յուրացնելու անհրաժեշտության հետ. «Մինչդեռ այդ թեզը դառը դեղահաբի նման է՝ ադրբեջանական կողմի համար, որովհետև նրանք փորձում են անընդհատ վիճարկել այն հանգամանքը, որ բանակցություններն անվերջ կարելի է շարունակել: Ըստ էության, Ալիևն այդ հանդիպման ընթացքում չհակադարձեց և կուլ տվեց այդ դառը հաբը»:









































