Հունիսի 7-ին Հայաստանում մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ այս գործընթացը դժվար է լինելու ընտրություններ կոչել, այն «առանց կանոնների մարտեր» են լինելու՝ հաշվի առնելով այն բոլոր ինտրիգները, նաև ստեղծված ատելության մթնոլորտը, որն առկա է:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը նկատեց, որ Հայաստանի բոլոր համապետական ընտրություններն էլ՝ սկսած նախագահական ընտրություններից՝ վերջացրած խորհրդարանականով, անցել են բավականին սուր և կատաղի պայքարում. «Թեկնածուներն իրենց պայքարում միջոցների մեջ խտրականություն չեն դրել, փորձել են բոլորին մրոտել և ընտրվել: Այդ առումով այս ընտրությունները բացառություն չեն լինի, չեմ կարծում, թե ինչ-որ նոր բան կտեսնենք: Էլի կտեսնենք միմյանց դեմ կոմպրոմատներ, կտեսնենք կատաղի պայքար իշխանության գալու համար»,-ասաց նա:
Հարցին, թե այդպիսի մթնոլորտում անցած ընտրությունները որքանով կարող են լեգիտիմ համարվել, քաղաքագետն ասաց. «Դեռ վաղ է դրա մասին խոսել: Համենայնդեպս Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ ինքը կարող է անցկացնել ազատ և արդար ընտրություններ, և եթե 2018-ի նման տեղի ունենան ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ, որոնց արդյունքները որևէ քաղաքական ուժ չվիճարկեց ՍԴ-ում, եթե ժողովուրդը ընտրություններից հետո դուրս չգա փողոցներ ի նշան բողոքի, եթե լրագրողական, դիտորդական կազմակերպությունները լուրջ վերապահումներ, դիտարկումներ չունենան, ապա կարող ենք ասել, որ եղել են ազատ արդար ընտրություններ: Այս պահին շատ դժվար է կանխատեսել՝ կլինե՞ն ընտրություններին այդպիսին, թե ոչ:
Ես հույս ունեմ, որ գոնե իշխանությունները հասկանում են, որ ընտրություն կեղծելը կնշանակի գերեզմանաքար դնել մեր պետականության վրա,. որովհետև մեր բոլոր խնդիրները, եթե խորքային ենք նայում, շատ հաճախ գալիս են ընտրությունների կեղծումից: Շատ հաճախ իշխանությունները շատ չեն հասկացել դրա աղետալի լինելը և գնացել են այդ քայլին, բայց ամեն ընտրություն կեղծելուց հետո եղել են հետընտրական զարգացումներ, մարդիկ դուրս են եկել փողոց, տեղի է ունեցել «Մարտի 1», հազարավոր մարդիկ արտագաղթել են հիասթափությունից ելնելով: Ես շատ լիահույս եմ, որ իշխանությունը չի գնա ընտրությունների կեղծման, կլինեն այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները չեն վիճարկի քաղաքական ուժերը և իշխանությունը կստանա հանրային լեգիտիմության մի նոր պաշար»:
Հարցին, թե եղած ուժերից որոնք շանս ունեն անցնելու խորհրդարան, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ես հարցումներին միշտ վերապահումներով եմ մոտեցել: Կարծում եմ՝ այս պահին խորհրդարան անցնելու շանս ունեն «Քաղաքացիական պայմանագիրը», Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ահռելի միջոցներ, ռեսուրսներ ունի, կանցնեն նաև ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը» և ևս 1-2 կուսակցություն: Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսի ընտրարշավ կիրականացնեն այդ ուժերը»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ատելության չափաբաժինը քաղաքական դաշտում գործող ուժերի միջև բավական մեծ է և արդյոք հնարավոր է այդ պայմաններում առողջ բանավեճեր կազմակերպել, Արմեն Վարդանյանն ասաց. «Դրա հավանականությունը քիչ է, հիմնականում միմյանց վրա ցեխ կշպրտեն, կոմպրոմատներ վեր կհանեն: Ցավոք սրտի, մեզ մոտ դեռևս դասական ժողովրդավարություն ունեցող երկրներին բնորոշ առողջ բանավեճ չի եղել: Մեր բոլոր ընտրություններն անցել են փոխադարձ վիրավորանքների, կոմպրոմատների մթնոլորտում»:
Իսկ այս իշխանությունը վերընտրվելու շանսեր ունի՞, հարցին էլ արձագանքեց. «Մեծ շանսեր ունեն: Այս իշխանությունն այս տարիներին էականորեն քչացրել է կոռուպցիան, գյուղական վայրերում մեծ աշխատանքներ են կատարվել: Մարդիկ, որոնք տարիներ շարունակ տուժել էին կոռուպցիայից, այս իշխանության շնորհիվ հասել ենք նրան, որ ամեն քայլափոխի չենք հանդիպում կոռուպցիոն երևույթների: Այո, բոլոր հարցումներով իշխանությունն առաջատարն է այս պահին: Ես էլ եմ կարծում, որ իրենք առաջատարն են, բայց չգիտեմ՝ արդյոք կկարողանա՞ն կառավարություն ձևավորել, որովհետև նույնիսկ հնարավոր է 30-40 տոկոս հավաքեն, բայց չկարողանան կառավարություն ձևավորել և դառնան ընդդիմություն: Այդպիսի հնարավորություն էլ կա: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի ուժեր կանցնեն, որոնք պատրաստ կլինեն կոալիցիա կազմել իշխանության հետ: Սրանք շատ բարդ հարցեր են, որոնց պատասխանը իշխանությունը միանշանակ չունի»:









































