«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը

-Պարոն Մկրտչյան, օրերս իր նախընտրական հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարեց Հայաստանի գործընկերներին և նորից վերահաստատեց Ռուսաստանի կարևորությունը, դերակատարությունը: Ժամանակին ասում էին, որ ՌԴ-ն մեր միակ գործընկերն է, հիմա՝ մեր թիվ մեկ գործընկերն է: Ձեր կարծիքով՝ ինչ-որ բա՞ն է փոխվել:
-Իրականում Նիկոլ Փաշինյանը բավականին իրարամերժ հայտարարություններ է անում: Երբ մայիսի 12-ին սահմանային լարվածությունն սկսվեց, Նիկոլ Փաշինյանն անմիջապես դիմեց ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, որպեսզի նրանք իրենց փաստաթղթային պարտավորությունները Հայաստանի առջև կատարեն: Իրականում, ՀԱՊԿ-ը փոխանակ մեր կողքը կանգներ և առնվազն հայտարարության մակարդակով անդրադառնար այդ լարվածությանը, տեղի ունեցավ հակառակը: Այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին խոսում է ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորը լինելու մասին: Սա աբսուրդի է նման: Եթե չլիներ Արևմուտքի արձագանքը, ես ինչ-որ տեղ սա կընդունեի, բայց նույն Նիկոլ Փաշինյանը մեկ այլ հայտարարություն արեց, երբ դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որպեսզի սահմանազատման աշխատանքներում ներգրավվածություն ունենան: Ըստ էության, մենք պատասխան ստացանք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից: Չմոռանանք, որ երեկ շատ կոշտ հայտարարություն եղավ Բաքվում ԱՄՆ դեսպանատան կողմից: Սա ցույց է տալիս, որ Արևմուտքը պատրաստ է մեզ հետ համագործակցել: ՀՀ իշխանությունները պետք է մի բան հստակ հասկանան, որ քաղաքականության և դիվանագիտության մեջ չկան հավերժ բարեկամներ, կան հավերժ շահեր, և Հայաստանը պետք է իր շահը փնտրի: Իսկ Հայաստանի շահը, ըստ իս, այս պահին Ռուսաստանի շահերի հետ չի համընկնում: Ուզենք, թե չուզենք, այդպես է:
-Սյունիքում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը չի կարող սկսվել, քանի դեռ Ադրբեջանն իր զորքերը հետ չի քաշել: Այն փաստթուղթը, որ Փաշինյանը ներկայացրեց, որքանո՞վ կարող է ելք լինել այս իրավիճակից:
-Իրականում Փաշինյանն այս պահին զբաղված է սահմանային լարվածության ստատուս քվոն պահելով, որպեսզի այն առնվազն այս մակարդակի վրա մնա, լայնածավալ ռազմական գործողությունների չվերածվի, որովհետև Հայաստանում նախընտրական իրավիճակ է, երկրի ներսում էլ խնդիրները պետք է կարգավորել, նորմալ հունի մեջ դնել պետության ընթացքը: Նիկոլ Փաշինյանն ուղղակի ժամանակ է ձգում այս պահին: Իրականում Ադրբեջանի ցանկությունն էլ հենց դա է: Ադրբեջանմը հենց այնպես չի գնացել այս սադրանքին: Ադրբեջանը ծրագրում է լայնածավալ ռազմական գործողություններ իր կողմից նշված, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը բացելու համար: Ինչո՞ւ եմ ասում՝ Հայաստանի և Ռուսաստանի շահերն իրար հետ չեն համընկնում, որովհետև մենք պետք է Իրանի գործոնը հաշվի առնենք և տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ են ընթանում Իրանի շուրջը: Իրանը միջազգային հանրության հետ հարաբերություններ է կարգավորում և Եվրոպան օդ ու ջրի պես սպասում է իրանական նավթին ու գազին: Իրականում աշխարհը բացելու է Իրանի համար փակված դռները և Իրանի այլընտրանքը Հայաստանն է, որպեսզի ՀՀ տարածքով դուրս գա Սև ծով, ապա Եվրոպա: Իսկ այս դեպքում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը չեն համընկնում մեր և Իրանի շահերի հետ: Մենք գործ ունենք Ռուսաստանի և Ադրբեջանի տանդեմի հետ՝ ըննդեմ Հայաստանի: Նրանց շահերն այստեղ համընկնում են և Հայաստանն այստեղ զոհաբերվում է:
-Իրավիճակն այս պահի դրությամբ ի՞նչ հանգուցալուծում պետք է ստանա: Իշխանությունն անընդհատ շեշտում է, որ Զանգեզուրի միջանցքի հարց չկա, բայց միաժամանակ Ալիևը հայտարարում է, որ որոշակի առաջընթաց ունեն այս հարցում:
-Իմ կարծիքով՝ ՀՀ իշխանությունները պետք է լինեն ՀՀ քաղաքացիների հետ մաքսիմալ անկեղծ: Պետք է հստակ ասեն, թե ինչ բանակցություններ են վարում, ինչ է իրենց պարտադրվում: Ըստ երևույթին, ինչ-որ փաստաթուղթ պարտադրվում է մեր իշխանություններին: Ո՞ւմ կողմից է այն պարտադրվում և, ի վերջո, Հայաստանը որքան պետք է այսպես կքած դիրքում մնա: Ժամանակն է ողնաշարը ուղղելու և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու: Դա կկանխի թե՛ պատերազմը, թե՛ ադրբեջանական այդ հրոսակախմբերը, որ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, միջազգային հանրության կոշտ արձագանքի դեպքում Ալիևը չի գնա այդ ռիսկին: Ալիևը գնացել է դրան, որովհետև Հայաստանի «բարեկամը» տվել է նրան այդ կանաչ ճանապարհը դեպի Սյունիք, դեպի Զանգեզուրի միջանցք: Մենք որևէ պարագայում չպետք է համաձայնենք այդ «միջանցք» գաղափարի հետ: Ապաշրջափակման կարելի է գնալ, բայց ոչ միջանցքի կարգավիճակ տալ դրան: Ժամանակին Վազգեն Սարգսյանը նշել էր, որ Սյունիքը գերտերություններին բերում է հայոց պետության դուռը: Դա խաչմերուկ է, մենք պետք է անվտանգության այլ երաշխավորներ գտնենք և ներգրավենք այս պրոցեսին: Ֆրանսիան վառ օրինակ է, կարելի է դիմել նաև ԱՄՆ-ին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կարելի է դիմել, բայց ՀՀ իշխանությունները, զարմանալիորեն ամեն ինչ փնրտում են հյուսիսում:
-Վախեր ունե՞ն, որ արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր չեն դիտարկում:
-Իրականում Հայաստանն այս առումով ևս շատ ծանր իրավիճակում է հայտնվել: Կրկին չեմ կարող չհիշել նախկինում տեղի ունեցած հանցագործությունները Հայաստանի դեմ: Խոսքը վերաբերում է Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներին, որոնք բոլորը ժամանակին զիջվել են Ռուսաստանին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից: Բոլոր ռազմավարական օբյեկտները «գույք պարտքի դիմաց» գործարքով Ռոբերտ Քոչարյանը հանձնեց Ռուսաստանին: Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա մեջ Հայաստանը քարշ տվեց եվրասիական քաոսի մեջ՝ ԵԱՏՄ: Հայաստանը մանևրելու շատ քիչ, բայց նաև հավանական ելքեր ունի: Պետք է գտնենք այդ ելքերը, պետք է դիվանագիտական դաշտում մանևրենք: Այլապես կդառնանք ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական տանդեմի շահերի զոհը:









































