Թուրքիայի մեջլիսում Պաղեստինի հարցով ենթահանձնաժողով է ստեղծվում

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) պաղեստինցիների դեմ Իսրայելի «անմարդկային հարձակումները» ուսումնասիրող ենթահանձնաժողով է հիմնվում: Վերջին իսրայելա-պաղեստինյան բախումները ուսումնասիրող ենթահանձնաժողովը հիմնվում է մեջլիսի մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում: Ենթահանձնաժողովի հիմնմանը կողմ են քվեարկել խորհրդարանական բոլոր կուսակցությունները: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Երեք օրվա ընթացքում ձևավորվելիք ենթահանձնաժողովը 3 ամսվա ընթացում պետք է «բոլոր կողմերից ուսումնասիրի Իսրայելի հարձակումները» և վերջում արդյունքները ներկայացնի զեկույցի տեսքով:

Ենթահանձնաժողով ստեղծելու հիմնավորման տեքստի մեջ Իսրայելի վերաբերյալ մեղադրանքներ են տեղ գտել՝ կապված Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիներին պատկանած 13 տները դատարանի որոշմամբ առգրավելու հետ, ինչն էլ պատճառ է հանդիսացել լարվածության ու բախումների:

Մեղադրանքներ կան Իսրայելի հասցեին անհամաչափ ուժի կիրառման և պաղեստինցի քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների սպանության մեջ։