Նախորդ ամիս «Շիրակ կենտրոնը» Գյումրիում երկրաշարժից մինչ օրս անօթևան ընտանիքներին բնակարանների բաշխման գործընթացում թափանցիկություն ապահովելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարարին դիմում-առաջարկ էր հղել, առաջիկա երկու ամիսներին անցկացվելիք 1756 բնակարանների բաշխման վիճակահանությունների ողջ ընթացքը տեսաձայնագրելու անհրաժեշտության մասին:
Դիմում-առաջարկում նշված էր. «Աղետի գոտում նախորդ տարիներին իրականացված բնակբաշխման փորձը հաշվի առնելով կարելի է ասել, որ ոչ պակաս կոռուպցիոն ռիսկեր է պարունակում բնակարանների հատկացման փուլը: Պատճառը պարզ և միանգամայն հասկանալի է. յուրաքանչյուր ընտանիք էլ կնախընտրեր բնակվել ցանկալի` հիմնականում 2-րդ կամ 3-րդ հարկի հարավային պատուհաններով բնակարաններից որևէ մեկում:
Նույնիսկ 2010 թվականին, երբ բնակարանները հատկացվեցին հրապարակային վիճակահանություններով, բազմաթիվ անօթևան ընտանիքների մոտ առկա էր մտահոգություն դրանց արդարացի ընթացքի վերաբերյալ: Նրանք կասկածում էին, որ ոչ բոլոր բնակարաններն են վիճակահանությամբ բաշխվում: Կարելի է հասկանալ անօթևան ընտանիքների մտավախությունը. 22 տարի շարունակ ծայրահեղ ծանր պայմաններում ապրելով տնակներում, նրանք իրենց մաշկի վրա են զգացել բազում անարդարություններ, ինչպես ասում են` «Աչքը տեսածից է վախենում»:
Նման մտավախություններն առավել ևս ներկա փուլում են առկա բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների շրջանում, քանի որ ի տարբերություն 2010 թ.-ի` ընթացիկ տարում Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքների համար բնակելի շենքերը կառուցվել են երկու տարբեր ` Մուշ-2 և Անի թաղամասերում: Իսկ շահառուների մեծ մասը ձգտում են բնակարաններ ստանալ Անի թաղամասից, քանի որ այն առավել հին և կայացած թաղամաս է, համեմատաբար ավելի մոտ է քաղաքին և ունի կենսապահովման պայմաններ:
«Շիրակ կենտրոնն» իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու, որ բնակարանների բաշխման վիճակահանություններն ընթանան թափանցիկ և այդ նպատակով սեփական տեխնիկական ու ֆինանսական միջոցներով նկարահանելու ու վեբ կայքում տեղադրելու է 2011 թվականին Գյումրիում բնակարանների բաշխման վիճակահանությունների ամբողջ ընթացքի տեսաձայնագրությունները»:
Այսօր ստացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանը, որում ասվում է. «վիճակահանության ողջ ընթացքը տեսաձայնագրումը ողջունելի է և այն ավելի կբարձրացնի վիճակահանության գործընթացի թափանցիկության նկատմամբ հասարակության վստահությունը»:









































