«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ռուսաստանցի հայ փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:
Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ կապված արդյոք Հայաստանը բոլոր քայլերն արել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին դիմելու առումով: Մենք տեսնում ենք, որ ռուսական կողմից անընդհատ անորոշ պատասխաններ են հնչում, ՀԱՊԿ-ը ևս չի շտապում: Ձեր տպավորությամբ ՀԱՊԿ-ը հերթական անգամ չի ուզո՞ւմ աջակցել Հայաստանին:
Ես այդ փաստաթղթերին պաշտոնապես չեմ ծանոթացել, տեղյակ եմ լրատվամիջոցներից: Եթե պետք է պաշտոնապես մեկնաբանել, պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել: Ես որքան գիտեմ, այլ հոդվածի հիմքով են դիմել ՀԱՊԿ-ին: Այսինքն դիմել են ոչ թե օկուպացիայով, այլ խորհրդատվական օգնության համար: ՀԱՊԿ-ի պայմանագրում հոդվածների տարբերություն կա: Հայաստանից դիմումը 2-րդ հոդվածով է եղել, որի բովանդակությունն ավելի շատ խորհրդակցական օգնությանն է վերաբերում:
Հայաստանում նախընտրական իրավիճակ է, և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է Հայաստանում, մտադիր է դաշինք ձևավորել, ամենուր Երևանում իր պաստառներն են: Դուք ինչպե՞ս եք գնահատում, որ Հայաստանում քաղաքական հայտ է ներկայացնում Ռուսաստանի հայերի միության ղեկավարը:
Եթե Հայաստանի օրենքը թույլ է տալիս ունենալ երկքաղաքացիություն, և ես ենթադրում եմ, որ պարոն Աբրահամյանը ՀՀ քաղաքացիություն ունի, և ներգրավվել ընտրական գործընթացներում, ապա նրա գործողություններն օրինական են: Այլ բան, որ դա ներկայացվում է որպես Ռուսաստանի հայերի միություն, որը Հայաստանի համար, փաստորեն, օտար պետության կազմակերպություն է, որն իրավունք չունի ՀՀ-ում մասնակցել նախընտրական գործընթացներին: Կարող է մասնակցել ֆիզիկական անձը, կոնկրետ դեպքում պարոն Աբրահամյանը: Այլ երկրում գրանցված կառույցները չեն կարող Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ, այդ թվում ընտրական գործընթացներով: Նույնկերպ Հայաստանում գործող որևէ հասարակական կամ քաղաքական կազմակերպություն չի կարող Ռուսաստանում զբաղվել քաղաքական գործընթացներով, ընտրություններով:
Դե Հայաստանում Արա Աբրահամյանին գիտեն որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ: Հիմա երբ նա գալիս է ու Հայաստանում քաղաքական հայտ է ներկայացնում, ձեր կարծիքով նա ուզում է դրանով Ռուսաստանին հաճոյանա՞լ, թե՞ ուզում է որոշակի ազդեցություն ունենալ ստեղծված վիճակի վրա՝ Հայաստանում չապրելով: Դա որքանո՞վ է ճիշտ:
Ես չեմ կարող ասել, թե որոնք են իր մտադրությունները, դա պետք է ինքը մեկնաբանի: Ես կարող եմ ուրիշ բան ասել, որ եթե կան անձինք, որոնք ուզում են Ռուսաստանում ներկայացնել Ռուսաստանի հայերի իղձերը, հետաքրքրությունները, շահերը, ավելի ճիշտ կլիներ հենց այդ խնդիրներով զբաղվել: Այստեղ ավելի հրատապ խնդիրներ կան, մասնավորապես, ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիների խնդիրները: Օրինակ, Հայաստանի ընտրական օրենսգիրքը չի նախատեսում ընտրական տեղամասերի ստեղծում Հայաստանից դուրս, այդ թվում ՀՀ դեսպանատներում: Սա, կարծում եմ՝ շատ կուրջ սահմանադրական խախտում կա օրենքում, որը հնարավորություն չի տալիս ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին մասնակցել հունիսին կայանալիք արտահերթ ընտրություններին: Ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչքան արտագաղթ կա Հայաստանից, քանի ՀՀ քաղաքացի է ապրում Հայաստանի սահմաններից դուրս: Շատ լուրջ թիվ են նրանք կազմում: Այդ մարդկանց ձայնը չի կարելի անտեսել, միայննրանց քվեարկելու իրավուրնք տալով կարող ենք իմանալ ընտրողների, ընդհանուր հասարակության կարծիքը: Միայն Հայաստանում ընտրություն անցկացնելը ճիշտ չէ: Եվ եթե կան անձինք, որոնք Ռուսաստանի հայերի իղձերը ներկայացնողներ են ներկայանում, պետք է առաջին հերթին այդ հարցը բարձրացնեն: Այդ հարցը գոյություն ունի դեռ նախորդ իշխանությունների ժամանակներից և հիմա էլ դեռ լուծում չի ստացել ու ոչ ոք չի բացատրում, թե ինչու է արգելված ՀՀ-ից դուրս դեսպանատներին կից ընտրական տեղամասեր բացել, որտեղ ՀՀ քաղաքացիները կկարողանան կատարել իրենց ընտրությունը: Այդ ինչպես է ստացվում, որ դեսպանատներում կարող են քվեարկել միայն դիվանագետներն ու զինվորականները, իսկ մնացածն այդ իրավունքը չունեն:
Ըստ էության, խտրական մոտեցո՞ւմ է գործում:
Ըստ էության, մարդկանց զրկելով քվեարկելու իրավունքից, ընտրության արդյունքները չեն արտացոլում իրական տրամադրությունները: Այստեղ ևս ինչ-որ մի լարվածության կետ է ստեղծվում: Ստացվում է, որ եթե ՀՀ քաղաքացին ուզում է մասնակցել ընտրություններին, պետք է գումար հայթայթի, թռչի Հայաստան այդ օրը, մասնակցի ընտրություններին ու վերադառնա: Այսինքն այստեղ ծագում է գույքային բարեկեցության հարցը: Ով կարող է տոմս անել, նա կգա, կքվեարկի, իսկ ով չունի՝ չի գա: Սա անհեթեթություն է, չի կարող սահմանադրական իրավունքի իրացումը կապ ունենալ քաղաքացու բարեկեցության հետ:
Այսինքն այն անձինք, որոնք մտահոգ են Ռուսաստանում ապրող հայերի մասին, նրանք հենց այդ հարցերը պետք է բարձրաձայնեն, ոչ թե խիստ քննադատության ենթարկեն օրվա իշխանություններին: Մասնավորապես, նման քննադատությամբ է հանդես գալիս Արա Աբրահամյանը, որը տասնյակ տարիներով որևէ ձայն չի հանել նախկին իշխանությունների ժամանակ:
Հայաստանի գործող իշխանություններին քննադատելու տեղ կա, որովհետև այս ամենը գալիս է ներկա իշխանություններից, նրանք պետք է այս երկու տարում օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունները անեն, որը չեն արել: Պարոն Աբրահամյանը ևս իրավունք ունի քննադատելու, բայց եթե խոսքը Հայաստանում ռուսահայության ներկայացուցչի մասին է, ապա դա շատ լուրջ ու ցավալի խնդիր է: Այսօր ոչ ոք դրա մասին չի խոսում: Այսօր շատ լուրջ արտագաղթ կա Հայաստանից, որը նոր իշխանությունները պետք է լուծեն: Ո՞նց կարելիէ այդ մարդկանց սահմանադրական իրավունքները ոտնահարել, արգելել նրանց մասնակցել ընտրություններին, միայն այն պատճառով, որ նրանք Հայաստանից դուրս են ապրում: Այդ հարցը պետք է լուծվի մինչև ընտրությունները, որ մարդիկ կարողանան քվեարկել:






































