Ֆուտբոլի Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակում իրավիճակը բացառիկ կարելի է համարել։ Եվ այսպես, առաջին հորիզոնականում գտնվող «Նոան» 23 խաղում վաստակել է 41 միավոր։ Երկրորդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիան» 22 խաղից հետո ունի 38 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Արարատն» էլ 21 խաղում վաստակել է 37 միավոր։ Նույն ցուցանիշն ունի նաև 4-րդ հորիզոնականում գտնվող «Ալաշկերտը»։ Այս 4 թիմերն ունեն հնարավորություն նվաճելու Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Երեկ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի 1։1 խաղաց «Արարատի» հետ, իսկ «Ալաշկերտը» Չարենցավանում անսպասելիորեն 3։1 հաշվով զիջեց «Վանին»։ Այս արդյունքներն իրական նվեր էր «Նոային», որը հյուրընկալվեց 5-րդ հորիզոնականում գտնվող «Բանանցին»։
Հաղթանակի դեպքում «Նոան» կամրապնդվեր առաջին հորիզոնականում և մայիսի 28-ին կայանալիք վերջին տուրում «Վանի» նկատմամբ առավելության հասնելու պարագայում անկախ մյուս հանդիպումների արդյունքից կդառնար չեմպիոն։ «Ուրարտուն» վաստակելով երեք միավոր խառնեց խաղաքարտերը՝ էլ ավելի թեժացնելով իրավիճակը։ Հիմա արդեն չեմպիոնության բանալին այլևս «Նոայի» ձեռքում չէ։ Փորձենք հասկանալ, թե լավագույն քառյակում գտնվող չորս թիմերից ով ավելի լավ հնարավորություն ունի ոսկե մեդալ նվաճելու։ Ի տարբերություն «Նոայի»՝ «Արարատ-Արմենիան» ունի մեկ, իսկ «Ալաշկերտն» ու «Արարատը» երկուական հետաձգված հանդիպում։ Եվ այսպես, մայիսի 22-ին «Արարատ-Արմենիան» հետաձգված հանդիպում պետք է անցկացնի «Ալաշկերտի» հետ։ Ի դեպ, այս թիմերը միմյանց հետ կմրցեն նաև մայիսի 28-ին կայանալիք վերջին տուրում։ «Արարատը» մայիսի 22-ին հետաձգված հանդիպում պետք է անցկացնի «Ուրարտուի», իսկ մայիսի 25-ին՝ «Ալաշկերտի» հետ։ Վերջին տուրում «Արարատը» սեփական հարկի տակ հյուրընկալելու է ետնապահ Գյումրիի «Շիրակին»։ Վերջին երկու խաղում 6 միավոր վաստակելու դեպքում «Արարատ-Արմենիան» կունեա 44 միավոր, սակայն դժվար թե դա ապահովի առաջին հորիզոնականը։ «Վանին» հաղթելու դեպքում նույնքան միավոր կունենա նաև «Նոան»։
Այս պահին կարող ենք ասել, որ 44 միավորն ամենևին էլ չի երաշխավորում ոսկե մեդալը։ «Ալաշկերտը» վերջին երեք խաղում նույնքան հաղթանակ տանելու դեպքում կունենա 46 միավոր և անկախ մյուս հանդիպումների արդյունքից կնվաճի չեմպիոնի տիտղոսը։ Նույնը կարելի է ասել վերջերս Հայաստանի գավաթը նվաճած «Արարատի» մասին։ Ի տարբերություն «Ալաշկերտի», վերջին երեք հանդիպումներում «Արարատը» կմրցի մի փոքր ավելի հարմար մրցակիցների հետ։ Մասնավորապես, ետնապահի հետ վերջին մրցավեճում «Արարատն» ընդծված ֆավորիտ է։ Չեմպիոնության համար պայքարում առանցքային կարելի է համարել «Ալաշկերտ»-«Արարատ» հանդիպումը։ Չի բացառվում, որ առաջնության ավարտից հետո միանգամից երեք թիմեր ունենան 44-ական միավոր։ Այս դեպքում հաշվի կառնվեն լրացուցիչ ցուցանիշները։ Չմոռանանք նաև 5-րդ հորիզոնականում գտնվող «Ուրարտուի» մասին։ Այս թիմը 22 խաղից հետո ունի 35 միավոր և պայքարում է լավագույն քառյակում հայտնվելու համար, ինչը հնարավորություն կտա մասնակցելու եվրագավաթների խաղարկությանը։ «Արարատի» հետ հանդիպումից հետո «Ուրարտուն» մայիսի 28-ին վերջին հանդիպումը կանցկացնի «Փյունիկի» հետ։ Այս խաղերում 6 միավոր վաստակելու դեպքում «Ուրարտուն» ամենայն հավանականությամբ կնվաճի եվրագավաթների խաղարկության ուղագիր։ Չի բացառվում, որ այս պահին լավագույն քառյակում գտնվող թիմերից որևէ մեկն այս տարի չմասնակցի եվրագավաթների մրցաշարին։ Խոսքը վերաբերվում է «Ալաշկերտին» և «Արարատ-Արմենիային», որոնից մեկը անհաջողության մատնվելու դեպքում դուրս կմնա լավագույն քառյակից։
Նվաճելով գավաթը Երևանի «Արարատը» ապահովել է մասնակցությունը եվրագավաթներում, իսկ «Նոան» ապահովել է տեղը լավագույն եռյակում։ Իրավիճակն իսկապես բացառիկ է, ինչը խոսում է թեժ և անզիջուն պայքարի մասին։ Այսօր ունենք 4-5 հավասարազոր թիմեր, որոնք ցուցադրում են որակյալ ֆուտբոլ։ Թույլ չես համարի առաջնության ստորին հատվածում գտնվող թիմերին, որոնք ըստ էության հավասար պայքար են մղում առաջատարների հետ։ Լավագույն ապացույցը երեկ տեղի ունեցած «Վան»-«Ալաշկերտ» հանդպումն էր։ Ավելի վաղը Չարենցավանի թիմը միավորներ էր խլել առաջատար մյուս թիմերից։





































