ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել այս երկիր: Այս մասին նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:
Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը , բայց զգուշացման մեջ խոսվում է նաև սահմանային լարվածության մասին։Մասնավորապես կոչ է արվում չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ Կառավարությունը այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԼՂ այցելած իր քաղաքացիներ համար:
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նշում է, որ նման զարգացումները լինում են հերթական և արտահերթ։ Նա նաև ընդգծում է, որ նման նախազգուշացում է եղել նաև 44 օրյա պատերազմից 2 օր առաջ.«Դրան նախորդել էին ադրբեջան-թուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն»․
Նրա խոսքերով՝ ուշագրավ է, որ այս զգուշացումը տարածվում է մեր Պաշտպանության նախարարության հայտարարությունից հետո.«Այս թեմայով երկու օր առաջ Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ»։
Ի դեպ՝ նման կոչով է հանդես եկել նաև Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը՝ իր քաղաքացիներին հորդորելով չայցելել Հայաստանի մի քանի մարզեր․«ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը խնդրում է Լեհաստանի քաղաքացիներին մնալ հյուպատոսական շրջանում:
Խուսափել հետևյալ մարզեր ՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք, ճանապարհորդելուց: Խնդրում ենք հատկապես զգույշ լինել և հետևել տեղական իշխանությունների առաջարկություններին»,- ասված է հայտարարության մեջ։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանից հետաքրքրվեցինք՝ եթե միջազգային դիտորդները հնարավորություն չունենան գալ Հայաստանին, ինչպե՞ս դա կանդրադառնա ընտրությունների որակի վրա.«Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք, որ դա կոչ է։ Ինչ վերաբերում է դիտորդներին, ապա հույս ունենք, որ 250 դիտորդ կգա Հայաստան։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարն արդեն եկել է Հայաստան։ Եթե իհարկե պատերազմ չկսկի, կարծում եմ խոչընդոտներ չեն առաջանա։ Եթե պատերազմ սկսվի, ինձ թվում է՝ ընտրություններ էլ չեն լինի»,-«Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը նաև կարծում է, որ ստեղծված իրավիճակը սահմանին կարող է անդրադարձ ունենալ ընտրողների դիրքորոշման վրա։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ դիտորդներն այնուամենայնիվ Հայաստան կգան։ Չխախտելով իրենց երկրների արտգործնախարարությունների կամ դեսպանատների կոչերը, նրանք կլինեն Երևանում՝ որպես դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մեր զրուցակիցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նաև կարծիք հայտնեց, որ նման կոչերը բացասական կանդրադառնան միայն տուրիստական ոլորտի վրա, որն առանց այն էլ կորոնավիրուսի համաճարակի պատճառով բարդ իրավիճակում է հայտնվել։
Արմեն Բադալյանը միևնույն ժամանակ կարծում է, որ սահմանային իրավիճակը բացասական է անդրադառնում իշխող ուժի վարկանիշի վրա.«Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները միանշանակորեն ազդելու են գործող իշխանությունների՝ մասնավորապես վարչապետի վարկանիշի վրա։ Սա ցույց է տալիս, որ վարչապետը չի կարողանում ՀՀ քաղաքացիների անվտանգությունը պահել։Չեմ կարող ասել՝ սրանից իր մրցակիցների վարկանիշը բարձրանում է, թե ոչ, բայց որ իր վարկանիշն անկում է ապրում՝ դա միանշանակ է»։









































