«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։
-Պարոն Խաչատրյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկել է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում։Ձեր կարծիքով՝ սա այն ամենն է ինչ մենք կարող էինք սպասել մեր ռազմավարական դաշնակցի՞ց։
–Առաջին հերթին եկեք նայենք, թե Ռուսաստանն ինքը ինչ խնդիրներ ունի աշխարհում՝ Սիրիայում, Ղրիմում, Դոնբասում, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ հարաբերություններում։Ադրբեջանն այս տարիների ընթացքում կարողացել է իր դիրքը փոխել, ճիշտ աշխատանք իրականացնել։ Իսկ ի՞նչ է արել Հայաստանը։
Հայաստանում հիմա ոչ միայն իշխանություն, այլ ընդդիմություն չկա։ Ամբողջ սիստեմն աշխատում է հին փողատերերի, թալանչիների համար։Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում այն, որ ոչ մի ապարատ չի աշխատում։ Նոր եկած կառավարությունը, թեկուզև բարձր աշխատավարձ է ստանում, բայց կարո՞ղ է պահել սիստեմը, ի՞նչ ուղեղով պետք է հարաբերվի աշխարհի հզորների հետ։ Ռուսաստանին մեղադրելով չէ, պարզ չէ՞ որ հենց այդպես էլ պետք է աներ Մոսկվան, բնական է հետապնդեր իր սեփական շահերը։
-Հայաստանին օգնություն է առաջարկում Ֆրանսիան, հայամետ դիրքորոշում ունեն հարցի շուրջ նաև ԱՄՆ-ն ու Իրանը, սակայն պաշտոնական Երևանը զանգահարում է Տաջիկստան, շարունակում աջակցություն խնդրել ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից։ Ինչո՞վ է պայմանավորված այս քաղաքականությունը։
-Ստրուկի հոգեբանությունը հենց այդպիսին է։ Ու եթե մի անգամ ընկար այդ տրամաբանության մեջ, կշարունակես այդպես ապրել տարիներով։
Կռվող երկրում, որտեղ գոյատևման հարց է դրված՝ ոչ մի ապարատ չի աշխատում։ Նայեք Հայաստանի կենտրոնը թալանած մարդկանց։ Ես ասում եմ ՝ նույնիսկ եթե հիմա Հիսուս Քրիստոսը իջնի Հայաստանը փրկելու համար, նրանից «արենդայի» փող կուզեն։ Այդ երկիրն ինչպե՞ս կարող է առաջընթաց ունենալ։ Նայեք ինչ սարքեցին տականքները ու ինչ արեց այս վերջինը։ Սյունիքում վաղը իրար կկոտորեն, բայց թե մեկը բանկի փողն ուշացնի՝ տունը նրանից կխլեն։Եթե այսօրվա կառավարությունը սխալը սխալի հետևից է թույլ տալիս, եթե ընդդիմության ներկայացուցիչները նախկին թալանչիներն են՝ մենք ապագա չենք կարող ունենալ։
-Հայաստանը հիմա ՀԱՊԿ անդամ է, որից ակնկալում էինք դաշնակցային մոտեցում, մինչդեռ Բելառուսի պաշտպանության նախարարը Հայաստանի փոխարեն Բաքու է գնում։ Սա ի՞նչ է նշանակում։
-Երբ դեռ 2013 թվականին Հայաստանը դառնում էր ԵԱՏՄ անդամ, ես ասում էի՝ նայեք ինչ ստացանք ՀԱՊԿ-ից, ոչինչ պետք չէ սպասել նաև ԵԱՏՄ-ից։ Տասնյակ տարիներ է խոսում ենք այդ կառույցների մասին, բայց Հայաստանը բոլոր ղեկավարների օրոք շարունակում է նույն քաղաքականությունը։ ՀԱՊԿ-ը երբեք ոչ մի հարցով չի աջակցելու Հայաստանին։Միլիարդներով Ադրբեջանին զենք են վաճառում, այդքանից հետո ՀԱՊԿ-ից ի՞նչ ենք սպասում։ Շատ զենքեր այնքան նոր էին, որ դեռ Ռուսաստանում չէին օգտագործվում։ Իսկ մերոնք մինչև հիմա ասում են՝ պայմանագրով իրավունք չունեինք կրակել ռուսական զենքից։ Հասկանո՞ւմ եք ովքեր են եկել իշխանության։
-Սյունիքում այսօր տեղի ունեցողն ինչի՞ մասին է վկայում։ Հնարավո՞ր են նոր ռազմական գործողություններ, թե՞ սրանք լոկալ սադրանքներ են։
-Պաղեստին-Իսրայել պատերազմն էլ Պաղեստինի նախաձեռնությամբ չէ։ Վիրտուալ գումարներով պետք է պատերազմ տարվի, իրական գումարներ այլևս չկան։ Երկու տարի է՝ ամբողջ աշխարհի ժողովուրդը չի աշխատել, ոչինչ չի վաստակել։ Պատերազմներ կլինեն ամենատարբեր ուղղություններով։ Ծիծաղ է առաջանում, որ Թուրքիան այսօր Իսրայելի դեմ է, այն դեպքում, երբ միշտ իրար կողքին էին։ Մենք պետք է ամեն ինչից հետևություններ անենք, որ չհայտնվենք նորից պ մեծ պետությունների բախման արանքում։Մենք իրավունք չունեինք հույս դնել Ռուսաստանի վրա, քանի որ նրանք Ադրբեջանի հետ ունեն շատ սրետ հարաբերություններ ու երեբք Մոսկվան ընդդեմ Բաքվի քայլեր չի անի։ Անողնաշար, անմեղսունակ կառավարությունն էլ ամեն ինչ արեց, որ քանդվի։Դո՞ւք հասկանում եք՝ ուր ենք հասել։ Երկիրը կործանման եզրին է, աբսուրդ իրավիճակում ենք հայտնվել։ Այս արժեքներով ուզում եք երկիր փրկվի։ Անհնար է նման արժեքներով երկիր փրկել։




































