Սյունիքում և Գեղարքունիքում իրավիճակը պայթյունավտանգ է և ճգնաժամային: Այս մասին Ազգային Ժողովում արտահերթ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ արձանագրելով, որ բոլորն այսօր հավասարապես մտահոգված և անհանգստացած են Սյունիքի և Գեղարքունիքի անվտանգությամբ։
Նրա արձանագրմամբ՝ Ադրբեջանը պետք է դուրս շպրտվի ՀՀ-ի սուվերեն տարածքից եւ դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող:
«Մենք ամիսներ առաջ անհանգստացած էինք Սյունիքի և Գեղարքունիքի անվտանգությամբ, և նշում էինք, որ կա անվտանգության կոնկրետ սպառնալիք՝ կախված այս մարզերի գլխին, իսկ մեզ ի պատասխան, հնչում էին թեզեր, որ Սյունիքը անվտանգ է: Կարծում եմ, որ մեր խնդիրները սկսվել և շարունակվում են հենց այստեղից»,- ընդգծել է Տոնոյանը եւ ավելացրել, որ թերահավատորեն է վերաբերվում իշխանության կողմից հնչեցված որոշ կարծիքներին:









































