Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այսօր Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որում կողմերը, մի շարք հարցերից բացի, քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։
Մեդվեդևն Ալիևին ասել է. «Իհարկե, քննարկման կարևորագույն թեմաներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։ Ես կցանկանայի այստեղ Ձեզ հետ չափազանց անկեղծ խոսակցություն ունենալ՝ քննարկելով, թե ինչ է պետք անել հետագայում և թե ինչպես կզարգանան իրադարձությունները՝ հաշվի առնելով Կազանում տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպման և տվյալ ձևաչափով նախորդ հանդիպումների արդյունքները։
Մեզ համար շատ կարևոր է տարածաշրջանային խնդիրների լուծումը, քանի որ մենք մտերիմ երկրներ, գործընկերներ, հարևաններ ենք։ Մեր տարածաշրջանում իրավիճակի զարգացումից է բխում, ըստ էության, ողջ տարածաշրջանի, մեր երկրների, մեր ժողովուրդների ինքնազգացողությունը։ Դրա համար էլ ես ցանկացա տվյալ հարցերի շուրջ խորհրդակցել Ձեզ հետ»։
Ալիևն իր հերթին նշել է. «Մենք հարևաններ ենք, կասպյան երկու երկրներ և, իհարկե, նաև մեր համագործակցությունից են կախված տարածաշրջանային զարգացումները։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ձեր ներդրած ջանքերի համար։ Մենք Ադրբեջանում բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներգրավվածությունը տվյալ գործընթացում։
Եռակողմ ձևաչափով անցկացված հանդիպումները, իհարկե, բավական մոտեցրել են կողմերի դիրքորոշումները։ Դա տարածաշրջանային անվտանգության գլխավոր խնդիրն է, և բնականաբար Ադրբեջանը բոլորից շատ է շահագրգռված հակամարտության կարգավորման գործընթացով, որպեսզի բոլոր հարկադիր վերաբնակները վերադառնան իրենց տները, որպեսզի տարածաշրջանում տիրի խաղաղություն, անդորր, համագործակցություն։
Բնականաբար, այն սկզբունքները, որոնց հիման վրա տարվում է կարգավորման գործընթացը, արտացոլում են միջազգային իրավական նորմերն ու առողջ մտածելակերպը։ Այդ պատճառով էլ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը բխում է բոլոր երկրների շահերից։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ՝ ներդրած ջանքերի, ինչպես նաև այն ողջ դրականի համար, որ մենք ստացանք վերջին տարիներին, և որը մոտեցրեց մեր երկրներին»։










































