
Ադրբեջանը նախիջևանում բացել է ռազմական օդանավակայան: Կասկածից վեր է, որ այդ օդանավակայանը թուրքական ռազմական օդանավերի համար է: Ըստ էության, խոսքը թերևս թուրքական ռազմական օդանավակայանի մասին է, ինչը պարզապես ֆորմալ իմաստով է Ադրբեջանինը: Օդանավակայանից բխող մարտահրավերների մասին խոսելը անշուշտ ավելորդ է: Մյուս կողմից սակայն, դա հերթական առիթն է խոսելու ռեգիոնալ ռազմա-քաղաքական բալանսի և այստեղ Հայաստանի համար լրջագույն խնդիրների մասին: Բանն այն է, որ Թուրքիան ամրանում է Կովկասում և դրա գործիքը Ադրբեջանն է: Միևնույն ժամանակ, ու՞մ հաշվին, կամ ու՞մ տարածության հաշվին է Թուրքիան ամրանում Կովկասում: Իհարկե Ռուսաստանի: Ի՞նչ է հակադրում դրան Մոսկվան: Գործնականում ոչինչ, որովհետև Մոսկվան շատ ավելի լայն հակադրության մեջ է Արևմուտքի հետ, որը ավելի ու ավելի անհամապատասխան է իր քաշային կատեգորիային, բայց որքան նվազում է ՌԴ աշխարհաքաղաքական քաշը, այդքան ավելանում են հավակնությունները: Դրա հետևանքը այն է, որ Կովկասը բացելով Թուրքիայի առաջ, Ռուսաստանը միևնույն ժամանակ ստիպված է սիրաշահել թուրքական ազդեցության գործիքի վերածված Ադրբեջանին, որովհետև ներկայումս Մոսկվան ըստ էության չունի թուրք-ադրբեջանական տանդեմին հակադրելու որևէ գործնական, առարկայական բան: Այդ իսկ պատճառով Երևանում Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկ դնող Սերգեյ Լավրովը Բաքվում էլ ծաղիկ է դնում այսպես կոչված Շահիդների պուրակում, որն Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմած ադրբեջանցիների հուշակոթողն է, իսկ Ալիևը Լավրովի հետ հանդիպմանը հիշեցնում է, թե ռուս խաղաղապահները «Ադրբեջանի տարածքում» են: Ընդ որում, Ալիևին այդ հիշեցման «հիմքը» տվել է ՌԴ նախագահ Պուտինը, արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայտարարելով, թե «Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջան» է:
Այս պայմաններում Հայաստանին չի մնում այլ բան, քան լրջորեն մտածել ռեգիոնալ ռազմա-քաղաքական բալանսը բազմազանեցնելու, անվտանգության ռազմական և քաղաքական այլընտրանքների ուղղությամբ ջանքերը աշխուժացնելու համար, որոնք պետք է տեղի ունենան ամբողջ քաղաքական դաշտի մակարդակում, էապես փոխելով Հայաստանում ներքաղաքական իրադրության բալանսը, որն այսօր կենտրոնացած է նվազագույնը կարգավիճակի և իրողությունների բերումով Ռուսաստանի հետ սերտ աշխատանքի անհրաժեշտություն ունեցող իշխանության, և Ռուսաստանի հետ էլ ավելի խորը ինտեգրացիայի գաղափարով Հայաստանի երկրորդ բեվեռի հավակնող երկրորդ նախագահի դիմակայության տիրույթում: Ամբողջ հարցն այն է սակայն, թե արդյո՞ք Հայաստանում կձևավորվի ազդեցիկ քաղաքական հոսանք, որը կգտնվի այդ տիրույթից դուրս, բայց միևնույն ժամանակ էլ չի հայտնվի հակառակ ծայրահեղության մեջ: Այդ հարցի պատասխանը կախված է այն բանից, թե արդյո՞ք այդ երկու ծայրահեղությունից դուրս դիրքավորվող ուժերը Հայաստանում կգտնեն իսկապես քաղաքական համախմբման գիտակցական և ռազմավարական ներուժ, վեր կանգնելով զուտ անձննային կամ կուսակցական կարճաժամկետ խնդիրներից: