ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը վստահեցնում է, որ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը մասնակցել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մշակման, քննարկման աշխատանքներին: Բաբաջանյանն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում փաթեթի քննարկմանը:
«Մեր կուսակցությունը մասնակցել է քննարկումներին՝ որպես արտախորհրդարանական ուժ, և մենք աջակցել ենք այս փոփոխություններին: Եվ ես այստեղ կողմ եմ քվեարկելու»,-ասաց նա:
Անդրադառնալով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ ընտրություններին քվեարկելու հնարավորություն չունենալու հարցին՝ պատգամավորը նշեց, որ այդ հարցով բազմաթիվ դիմումներ են գրել: «Այո, մենք հիմա չենք դիտարկում այդպիսի հնարավորություն, բայց ինչ-որ պահի չափազանց կարևոր է, որ կարողանանք այս խնդրին լուծում գտնել: Իհարկե ռիսկերը կան, բայց այդ ռիսկերը պետք է կառավարել, պետք է ընդունակ լինենք մեր քաղաքացիներին ևս ընտրելու իրավունքով օժտել»,-ասաց Բաբաջանյանը: