Լավրովի այցը ներառելու է նաև ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման վերաբերյալ մեր քննարկումները. Խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ պատասխանելով Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ի՞նչ ակնկալել ՌԴ արտգործնախարարի այցից և ԵԱՀԿ ՄԽ-ն ե՞րբ է ճանաչելու Արցախի անկախությունը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցվել է երկու հայտարարություն. մեկը՝ 2020 թ. դեկտեմբերի 3-ին, մյուսը՝ այս տարվա ապրիլի 13-ին: Հայկական կողմի գնահատականներն ու մոտեցումները հայտնի են: Ուղղակի հիշեցնեմ՝ ՀՀ-ն իր ճանապարհային քարտեզն այս ժամանակաշրջանի համար արտահայտել է առաջին անգամ դեկտեմբերի 3-ին՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի ժամանակ: Մենք ներկայացրել ենք 5 կետանոց ճանապարհային քարտեզ, և գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և 2020 թ. դեկտեմբերի 3-ի և 2021 թ. ապրիլի 13-ի հայտարարությունների մեջ արտացոլված են հայկական կողմից բարձրացված հարցերը»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը։








































