Ամերիկյան դեղագործական Pfizer ընկերությունը, որը գերմանական BioNTech գործընկերոջ հետ համատեղ հակակորոնավիրուսային պատվաստանյութ է մշակել, Հնդկաստանին կապահովի 70 մլն դոլարի դեղորայքով։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ալբերտ Բուրլան թվիթերյան տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ Հնդկաստանի բնակիչները բախվել են մարդասիրական ճգնաժամի, որը դարձել է պանդեմիայի ամենածանր հետևանքներից մեկը։
«Դրա հետ կապված՝ մենք գործարկում ենք Pfizer-ի ողջ պատմության մեջ ամենամասշտաբային մարդասիրական արշավը»,-ասել է նա։
Ընկերությունը հնդկական իշխանություններին կհատկացնի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար անհրաժեշտ՝ սեփական արտադրության դեղորայք։ Ընկերության ղեկավարության գնահատմամբ, տրամադրվող խմբաքանակը կբավականացնի երկրի բոլոր հիվանդներին դեղորայքով առնվազն 90 օր ապահովելու համար։