ԱՄՆ-ը քննադատել է Ռուսաստանին և Չինաստանին` իրենց հակակորոնավիրուսային պատվաստանյութերը գնելու կոչերի համար: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի` կորոնավիրուսի տարածման դեմ արձագանքման գլոբալ միջոցառումների հարցերով համակարգող Գեյլ Սմիթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա`Չինաստանը և Ռուսաստանն ակտիվորեն խրախուսում են երկրներին գնել իրենց պատվաստանյութերը։
«ԱՄՆ-ն մտադիր չէ պատվաստանյութերի մարկետինգով զբաղվել: Մենք խթանում ենք պատվաստանյութերը՝ ելնելով քաղաքական ռազմավարությունից, որովհետև պատվաստումը համաճարակին վերջ տալու լավագույն միջոցն է», – ասել է դիվանագետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերության կողմից պատրաստած հակակորոնավիրուսային պատվաստանյութն ընդգրկել է արտակարգ իրավիճակների ժամանակ կիրառման թույլատրվող պատվաստանյութերի ցանկում: