
ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 79 «կողմ» և 2 «դեմ» ձայներով։
Հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ օրենսդրական նման կարգավորումները խիստ անհրաժեշտ են ընդունել արտահերթ ընտրություններին ընդառաջ:
Նշենք, որ ընտրական հանցագործությունների փաթեթով քրեականացվում է՝ ընտրական տեղամասում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, աշխատողին (պետական կամ մասնավոր) պարտադրելը, որ մասնակցի որևէ հանրահավաքի, ինչպես նաև հանրահավաքին մասնակցելու համար փող տալը, բարձրաստիճան պաշտոնյայի կամ թեկնածուի կողմից օտարերկրյա քաղաքացիության փաստը թաքցնելը, չնույնականացվող աղբյուրներով թեկնածուներին վարկաբեկող սուտ հրապարակելը: Նախագծով նաև մի շարք հոդվածներով փոխվում են պատժաչափերը։
Նկատենք, սակայն, որ փաթեթից դուսր է մնացել նախապես քննարկված, Վենետիկի հանձնաժողով ուղարկված քարոզարշավի ֆինանսավորման կարգի խախտման բոլոր հոդվածները։
Ընտրական բարեփոխումների փաթեթի վրա աշխատած, փորձագետ Վարդինե Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քարոզարշավի ֆինանսավորման կարգի խոշոր խախտումների մասին հոդվածները դուրս թողնելը ցավալի է, բայց հույս հայտնեց, որ դրանք առաջիկայում կընդունվեն, քանի որ շատ կարևոր են։ Բացի դա, Գրիգորյանի խոսքով, կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված կարգավորումները արդեն իսկ գոյություն ունեն դեկտեմբերին ընդունված փոփոխություններով, սակայն այս փոփոխությունները վերաբերում էին նաև նախընտրական հիմնադրամներին։ «Հիմա փաստացի ստացվում է, որ ընտրական օրենսգիրքը արգելում է գերազանցել X գումար, կամ անանուն նվիրատվություն անել, բայց դրանց հետ կապված սանկցիաներ չկան։ Կարծում եՄ, որ սա իրականում խնդիր է և ամեն դեպքում այդ փոփոխությունները պետք է ընդունվեն։ իսկ այն հակափաստարկները, թե կուսակցությունների համար անակնկալ կլինեին վերջին պահին արված այդ փոփոխությւնները, հիմնավոր չեն, քանի որ օրենքն արդեն իսկ արգելում էր, պարզպես հստակեցված սանկցիաներ չկային։ Այնպես չէ, որ հիմա քրեականացվում էր ինչ-որ մի բան, որը նախկինում արգելված չէր»,-ասաց Գրիգորյանը։
Վերջին պահին նախապես քննարկված փոփոխություններից իշխանության հրաժարվելը, Գրիգորյանի համար, հասկանալի չեն։ Հասկանալի է մեկ բան, որ այն, ինչ արդեն հստակորեն անօրինական է, պետք է սանկցիա ունենա։
Գրիգորյանը չցանկացավ ասել՝ դա եղել է քաղաքական պայմանավորվածության արդյունք, թե ոչ։ Ասաց՝ դրանք բամբասանքներ են, ինքը հստակ ոչինչ չգիտի։
Մեր հարցին՝ այս փոփոխությունները թույլ տալի՞ս են երաշխավորված ընտրություններ ուեննալ, փորձագետը պատասխանեց.«Այս փոփոխությունները ամեն մեկն իր տեղում շատ կարևոր են։ Ընդունված փոփոխուԹյունների արժեքը չի ընկնում չընդունվածների պատճառով։ Ամեն մի փոփոխություն շատ կարևոր է։ Բնականաբար շատ լավ կլիներ, որ փաթեթը ամբողջությամբ ընդունվեր, բայց ես դեռ լավատես եմ։ Հույս ունեմ, որ ապագայում դրանք էլ կընդունվեն և հնարավոր կլինի երաշխավորել ավելի որակյալ ընտրություն»,-եզրափակեց Գրիգորյանը։
Ընտրական բարեփոխումների փաթեթի մշակման աշխատանքներում մեծ մասնակցութուն ունեցած Դանիել Իոաննիսյանի խոսքով էլ քարոզարշավի ֆինանսավորման կարգի խոշոր խախտումների մասին հոդվածները դուրս թողնելով «Իմ քայլը» դե-ֆակտո որոշել է, որ գալիք ընտրությունների ժամանակ կուսակցությունները կարող են ունենալ օլիգարխներից ու արտերկրից ֆինանսավորում.«Ինչի վրա ուզեն, որքան ուզեն «տակից» գումար ծախսեն, ոնց ուզեն բռնաբարեն Ընտրական օրենսգրքի համապատասխան կարգավորումներն ու մնան անպատիժ: Ես լսել եմ հարցի հետ կապված «Իմ քայլի» մոտեցումները, բայց դրանք անընդունելի են, իսկ պոտենցիալ խոչընդոտները՝ հաղթահարելի: Եվ ես հերթական անգամ ապշած եմ «Իմ քայլի»՝ ռեֆորմները տապալելու բացառիկ ունակությամբ»,-նկատեց Իոաննիսյանը։