Այսօրվանից Թուրքիայում սկսվում է կորոնավիրուսի համավարակից ի վեր առաջին համազգային լոքդաունը, հաղորդում է BBC-ն։ Մարդիկ տնից կարող են դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության գնումներ կատարելու և շտապ բուժօգնություն ստանալու համար։ Քաղաքից քաղաք տեղափոխվելու համար հարկավոր է պաշտոնական թույլտվություն։ Դպրոցները կփակվեն, կսահմանափակվի ալկոհոլի վաճառքը։
Լրատվամիջոցը հաղորդում է, որ համավարակի սկզբում Թուրքիան շատ հաջող էր պայքարում վիրուսի տարածման դեմ, սակայն այժմ այն գտնվում է COVID-ից ամենաշատը տուժած երկրների ցանկում՝ ավելի քան 4 միլիոն 700 հազար դեպքով զբաղեցնելով աշխարհում 6-րդ հորիզոնականը։
Թուրքիայում մահվան դեպքերի թիվը համեմատաբար ցածր է՝ շուրջ 39 հազար․ Անկարան նշում է, որ համավարակն առայժմ վերահսկողության տակ է, սակայն նոր դեպքերի աճը մտահոգիչ է։ Փետրվարի կեսերին օրական նոր դեպքերի թիվը կազմում էր շուրջ 6000։ Մարտին, երբ կառավարությունը սկսեց մեղմացնել սահմանափակումները, Թուրքիայում համավարակի նոր ալիք սկսվեց։ Ապրիլի ընթացքում այնտեղ արձանագրվել է օրական ավելի քան 60 հազար նոր դեպք։








































