ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցերով։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ պետական դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ բազմաթիվ դատական հայցերով, իսկ դա անվտանգ չէ պաշտոնական Անկարայի համար»,- ասել է Սլուցկին առցանց ճեպազրույցի ժամանակ:
Նա հավելել է, որ «անհնազանդ Անկարան նյարդայնացնում է ամերիկյան ղեկավարությանը»:
Սլուցկին պարզաբանել է, որ ԱՄՆ-ի համար նյարդայնացնող է նաև Թուրքիայի կողմից Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, այդ թվում՝ ռուսական С-400-ների ձեռքբերումը:
«Ուստի, այո՛, սա (С -400) Բայդենի և պետքարտուղարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հիմքի տարբերակներից մեկն է», – ասել է Սլուցկին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին հայերի բնաջնջումը պաշտոնապես ճանաչել է ցեղասպանություն։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ խորապես վշտացած է այս «անարդար խոսքերից, որոնք հիմնված չեն պատմության վրա»։ Միևնույն ժամանակ Էրդողանը կարծիք է հայտնել, որ հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ հանդիպումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում։








































