Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում բարձրաձայնել է, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ և բաց է մնում կարգավիճակի հարցն ու տեղահանվածների վերադարձի խնդիրը: Տեղահանվածների վերադարձի խնդիրը այլ բան չէ, քան Շուշիի և Հադրութի դեօկուպացիա, քանի որ այստեղ է, որ առկա է տեղահանվածների վերադարձի խնդիր: Այն անշուշտ բավականին բազմաշերտ է, որովհետև ադրբեջանցիներն էլ դնում են Շուշիից դեռևս առաջին պատերազմի հետևանքով տեղահանվածների վերադարձի հարց: Սակայն, առանցքայինն այս դեպքում հարցերի շրջանակն ու շեշտադրումն է, որ անում է ԱՄՆ դեսպանը՝ հարցը լուծված չէ և կարգավիճակի ու դեօկուպացիայի հարցերը բաց են: Ավելին, դեօկուպացիայի խնդիրը ածանցյալ է կարգավիճակին, այն պարզ պատճառով, որ կարգավիճակի, ըստ այդմ սահմանների որոշումն է, որ պետք է որոշակիություն հաղորդի նաև տեղահանվածների վերադարձի գործընթացի այսպես ասած իրավազորությանը՝ թե ում ենթակայության ներքո, ում պատասխանատվության ներքո պետք է այն կատարվի:
Անկասկած է, որ այստեղ խոսքը բավականին երկարատև և ծավալուն, տարողունակ մի գործընթացի մասին է: Ավելին, ըստ էության խոսքն այն մասին է, որ Արցախի հարցում ոչինչ որոշված չէ և հակամարտությունում փոխված է ընդամենը ուժերի դասավորությունը, դիրքերի հարաբերակցությունը և եթե մինչ այդ հաղթող դիրքում էր հայկական կողմը, այժմ այդ դիրքում ադրբեջանականն է: Սա իհարկե պայմանական բնորոշում է, սակայն խոշոր հաշվով այդպիսին է տրամաբանությունը, իսկ հարցը շարունակում է մնալ աշխարհակարգային վերաձևման ենթակայության ներքո, և քանի դեռ չկա նոր աշխարհակարգ և մենք գտնվում ենք հնի փլուզման և նորի համար հիբրիդային երրորդ համաշխարհային դիմակայության միջակայքում, մշտապես ենթակա ենք լինելու փոփոխությունների ազդեցության: Ըստ այդմ, բավականին որոշակի է, թե ինչի պետք է պատրաստվի Հայաստանը՝ Արցախը ներառյալ, և ինչ առաջնահերթություններ պետք է դրվեն դիվանագիտական, արտաքին քաղաքական սեղանին: Որքան էլ չհնչի տարօրինակ, պատերազմի պարտության ծանր պարագայում, հայկական կողմն այդուհանդերձ ստացել է հնարավորություն կարգավիճակի հարցում նոր շեշտադրումների և ըստ այդմ տեսանելի, ուրվագծվող առաջիկա գործընթացում նոր սկզբունքների ձևավորման համար: Սրան պետք է ուղղվի հայկական քաղաքական միտքը, իշխանական, թե ընդդիմադիր, եթե այն կա:








































