Այս իրավական խամաճիկությունն ակնառու է դարձնում, որ նպատակը քաղաքական ուղղվածության ճնշումներ գործադրելն է, իսկ առանձին դեպքերում նույնիսկ բռնաճնշումներ։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով զարմիկի առնչությամբ քրեական գործին։
«Դեռևս ապրիլի 22-ին շուրջ 14 անձի բերման ենթարկելուց հետո հարուցված է աբսուրդի մակարդակի մի քրեական գործ և փորձ է արվում պայքարող երիտասարդներին, մարդկանց դիտարկել որպես խուլիգաններ կամ առնվազն խուլիգանության մեջ կասկածվողներ։ Հայկի պարագայում նաև իբր բռնություն գործադրող անձի կերպար են ուզում ստեղծել։ Երբ արժանապատիվ հայը պահանջում է կոնկրետ պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց, պարզվում է՝ այդ մարդիկ հանկարծ դառնում են խուլիգաններ կամ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրող անձիք»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ նկատելով, որ ոստիկանն իր զարմիկի գլխին արմունկով հարվածներ է հասցրել։








































