«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։
-Պարոն Սասունյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատարեց իր նախընտրական խոստումն ու ճանաչեց Ցեղասպանությունը։ Իրավական ու քաղաքական ի՞նչ հետևանքներ կունենա սա։
-Նախ իրավական առումով։ Երբ հայ փաստաբանները հայցեր էին ներկայացնում դատարան՝ դատարանը հայցը մերժում էր՝ ասելով, որ ամերիկյան կառավարությունը չի ընդունել Ցեղասպանությունը և չենք կարող դատական վճիռ կայացնել՝ հիմնվելով Կալիֆորնիա նահանգի որոշման վրա։ Որպես առանձին նահանգ Կալիֆորնիան իրավունք չունի խառնվել արտաքին հարաբերություններին և դա դաշնակցային հարաբերությունների խնդիր է։ Այդպիսով դատը մերժվել է։ Հիմա, երբ Բայդենն ասաց, որ Ցեղասպանություն եղել է և Կոնգրեսի երկու պալատներն էլ ընդունեցին, որ Ցեղասպանություն եղել է, հուսով ենք, որ նոր դատական հայցերի դեպքում՝ դատավորն այդ դատերը կընդունի, որովհետև արդեն ընդունվել է կառավարության կողմից։
Բազմաթիվ այդպիսի դատեր են եղել, բերեմ մեկ օրինակ։ Երբ փաստաբանները Ինջիրլիքի դատը բացեցին, որ հիմնված է հայկական հողի վրա՝դատավորը մերժեց դատն ընդունել։ Բազմաթիվ այլ գործեր ևս մերժվել են, քանի որ հիմնված են եղել Կալիֆորնիա նահանգի օրենքի վրա։ Հիմնավորումն այն էր, որ Կալիֆորնիան իրավունք չունի այդպիսի օրենք ընդունել, քանի որ դա ֆեդերալ կառավարության լիազորության շրջանակներում է։
-Տվյալ իրավիճակում, երբ մենք կարողացանք հասնել ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչմանը, ի՞նչ պետք է այժմ անի Հայաստանը։
-Այս որոշումն ուղղակի կապ չունի ՀՀ կառավարության հետ։ Բայց քանի որ Բայդենը ԱՄՆ-ի նման գերհզոր պետության նախագահն է և իր հայտարարությունները աշխարհի վրա մեծ ազդեցություն ունեն, դա կստեղծի շատ դրական վերաբերմունք հայության հանդեպ։ Իր այդ վերաբերմունքը նաև ազդեցություն կունենա արցախյան հարցի լուծման, Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման վրա։ Ստեղծվում է հայանպաստ մի մթնոլորտ, որից կկարողանա օգտվել ամբողջ աշխարհի հայությունը՝ ներառյալ ՀՀ կառավարությունը։
-Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում սա փոփոխություն ենթադրո՞ւմ է։
-Նորից նշեմ, որ Բայդենի այս հայտարարությունն ուղղակիորեն չի առնչվում հայ-ամերիկյան հարաբերություններին, բայց քանի որ շատ դրական հայտարարություն է՝ այն կստեղծի շատ դրական զգացմունքներ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև։ Այսքան տարի է ամերիկահայերը լոբբի են անում ու կարողացան այս նպատակին հասնել։ Սա շատ օգտակար կլինի Հայաստան-ԱՄՆ կապերի համար։
-Որո՞նք կլինեն Թուրքիայի պատասխան քայլերը, ինչ-որ վտանգներ կարո՞ղ ենք սպասել։
–Առաջին քայլն արդեն արեցին՝ Անկարայում ԱՄՆ դեսպանին հրավիրեցին թուրքական արտգործնախարարությունն ու իրենց սրտնեղությունը հայտնեցին այս որոշման հետ կապված։ Դա փոքր քայլ է, բայց թուրքական սովորության համաձայն՝ սա նորմալ գործընթաց է։ Նրանք կարող են նաև իրենց դեսպանին ետ կանչել Վաշինգտոնից՝ խորհրդակցության համար։ Թուրքիան կարող է նաև իր առևտրային հարաբերությունները սառեցնել ԱՄՆ-ի հետ։ Այսինքն՝ ամերիկյան ապրանքներ չներմուծվեն Թուրքիա։ Թուրքերը նաև սպառնացել են, որ եթե Ամերիկան այսպիսի քայլ անի, իրենք կարող են փակել Ինջիրլիքի ռազմակայանը, որտեղ ամերիկյան օդանավերն են տեղակայված…
-Հիմա, երբ մենք հասանք Ցեղասպանության ճանաչմանը, մեր լոբբիստական կառույցները ի՞նչ ուղղությամբ կխորացնեն իրենց աշխատանքը։
– Դա շատ մեծ թյուրիմացություն է։ Ցեղասպանության ճանաչումը երբեք չի եղել Հայ դատի նպատակը։ Ցեղասպանությունը մի շատ ցավալի իրողություն է, բայց դա չի կարելի որակել որպես պահանջ։ Մենք Թուրքիայից շատ կոնկրետ պահանջներ ունենք՝ օրինակ հատուցում մեր զոհերի համար, հայկական եկեղեցիների, դպրոցների, գերեզմանների վերադարձ ու նաև վերջապես վերադարձնել Արևմտյան Հայաստանը։ Սրանք են մեր պահանջները և ոչ ճանաչումը։ Ճանաչումը մեզ համար երկրորդական է, մենք ունենք կոնկրետ ու հստակ պահանջներ և հենց դրանով է զբաղվելու ամերիկահայությունն ու հայությունը առհասարակ։ Այժմ զբաղվելու են դատական հայցեր ներկայացնելով՝ տարբեր երկրների տեղական դատարաններում և նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին ու երրորդ՝ ՀՀ կառավարության կողմից հայտ պետք է ներկայացնել միջազգային դատարան։










































