«4 զինվորների սպանած և 3-ին վիրավորած Մանվել Հազրոյանը, լսելով դատարանի վճիռը, որով նրան ցմահ ազատազրկվելու դատավճիռ է սպասում, շատ վրդովվեց և «Ջերմուկի» պլաստիկե շիշը շպրտեց դատավորի ուղղությամբ։ Երևի ենթադրում էր, որ այդ ոճրագործության համար իրեն շքանշան կտան: Բայց դրանից հետո իրավապահների գործողությունները նույնպես անօրինական էին և վերին աստիճանի ոչ պրոֆեսիոնալ. նրանք հարձակվեցին դատապարտյալի վրա և սկսեցին նրան ծեծել՝ բռնություն կիրառելով նաև փաստաբանների նկատմամբ: Պետությունը հենց նրանով է տարբերվում խուժանական «սխոդկայից», որ այստեղ ոճրագործը կրում է օրենքով նախատեսված իր պատիժը (որը, կարծում եմ, տվյալ դեպքում միանգամայն ադեկվատ է) և ոչ թե ենթարկվում է Լինչի դատաստանի»,- գրում է «Առավոտ»-ի խմբագիրը և հավելում.
«Այս հարցում առանցքային դեր է խաղում ոստիկանների պրոֆեսիոնալիզմը և անկաշառությունը: Դրանք, ինչպես հայտնի է, փոխկապակցված հատկանիշներ են. որքան շատ ես դու հարգում քո մասնագիտությունը, որքան շատ ես խորացել դրա մեջ, այնքան քիչ է հավանականությանը, որ դու այդ մասնագիտությունը կստորադասես «գրդոնին»: Աշխատել ոչ թե պետության, այլ սեփական գրպանի և թայֆայի համար, բացի ամեն ինչից, նախ՝ ոչ արհեստավարժ լինելու հետևանք է:
Խորհրդային ավանդույթի համաձայն, մենք չենք վստահում մեր իրավապահ համակարգին: Օրինակ, մի ամիս աոաջ Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները հետապնդում էին մի մարդու, որը, իրենց ասելով, այդ մարդաշատ վայրում կրակ էր բացել, և ոստիկանները ստիպված էին նրան սպանել: Այս պաշտոնական վարկածը ճիշտ է, թե ոչ, ես չգիտեմ, բայց եթե սոցիոլոգիական հարցում անցակցվի՝ հավատո՞ւմ եք արդյոք այդ վարկածին, մեծամասնության պատասխանը բացասական կլինի:
Նման մի դեպք վերջերս տեղի է ունեցել Լոնդոնում, երիտասարդական տարբեր խմբեր չհավատացին ոստիկանությանը, որը հայտարարեց՝ օրեր աոաջ 29-ամյա երիտասարդին սպանելը իրավաչափ էր իրենց կողմից: Երիտասարդները պնդում էին, որ դա սպանություն էր ռասայական հողի վրա: Ոչ միայն չհավատացին, այլ դուրս եկան փողոցներ և զանգվածային անկարգություններ սկսեցին: Հետաքրքիր է, որ սոլիդ և բարեկեցիկ Անգլիայի մայրաքաղաքում հարձակվել են ոստիկանների վրա, մեքենաներ ջարդել, խանութներ թալանել: Պարզվում է, քաղաքակրթության շերտը նույնիսկ այստեղ այնքան բարակ է, որ հերիք է միայն փոքրիկ կայծ, և մարդիկ դարձյալ կվերադառնան իրենց գազանային «նախատիպերին»: Բայց Բրիտանիայի դեպքում կա վստահություն, որ եթե ոստիկանը «ոչ իրավաչափ» է մարդ սպանել, նրան անպայման կպատժեն: Վստահություն կա նաև, որ քաղաքի բնականոն կյանքն էլ կվերականգնվի առանց զոհերի: Համենայնդեպս, Լոնդոնում հաստատ մարդկանց վրա «Չերյոմուխա-7»-ով չեն կրակի: Իսկ եթե կրակեն, նման հանցագործություն կատարածները երկար ժամկետներով կազատազրկվեն»:








































