Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը հանդիսանում է ԱՄՆ ազգային անվտանգության «գոյութենական սպառնալիք»։ Այս մասին նա հայտնել է Սպտակ տան կողմից կազմակերպված կլիմայական հարցերով միջազգային գագաթնաժողովում ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ այսօր աշխարհի ոչ մի երկիր չի կարող իր անվտանգությունն ապահովել՝ առանց կլիմայական ճգնաժամի կարգավորման։ Կլիմայական ճգնաժամը, ինչպես նա է նշել, վիթխարի ապակայունացնող դեր է խաղում աշխարհում։
Արկտիկական սառույցների հալոցքին զուգահեռ, ուժեղանում է մրցակցությունը տարածաշրջանում ռեսուրսների և ազդեցության համար։
Հասարակածին մոտ ջերմաստիճանի բարձրացումը և Աֆրիկայում ու Կենտրոնական Ամերիկայում ինտենսիվ էքստրեմալ եղանակային դրսևորումները միլիոնավոր մարդկանց սպառնում են երաշտով, սովով և տեղահանությամբ։
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ վերջին մի քանի տարիներին ամերիկյան ռազմական օբյեկտները զգացել են կլիմայի փոփոխության հետևանքները։ 2018 թվականին «Մայքլ» փոթորիկը միլիարդների վնաս է հասցրել Ֆլորիդայի ռազմաօդային բազային, 2019-ին Միսսուրի գետի վարարումը վնաս է հասցրել Նեբրասկայի ռազմաօդային բազային։ Կալիֆորնիայի անտառային հրդեհները սպառնում են այլ ռազմական օբյեկտների։
«Ոչ ոք չի կարող խնդիրը մենակ լուծել։ Մենք ապրում ենք այս մոլորակում, և ընդհանուր սպառնալիքները պահանջում են ընդհանուր լուծումներ»,-ասել է նա։












































